Նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները
Այս մասին ասված է այսօր Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ:
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»,- ասված է երեք նախագահների համատեղ հայտարարությունում:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդգծել են ԼՂ կարգավորման հարցով իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվել շարունակել դրանք նման ձեւաչափով՝ ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների: Համանախագահները հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին:
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպմանը նախորդել էին Սարգսյան-Պուտին եւ Ալիեւ-Պուտին հանդիպումները: