Բանաձեւով Գերմանիան «այլ հարցեր» չի լուծում, ասել է պետնախարարը
Այս մասին գերմանացի պետնախարարը գրել է «Հաշտության հնարավոր չէ հասնել բանաձեւի ընդունմամբ» վերնագրված հոդվածում, որը հունիսի 2-ին հրապարակվել է բեռլինյան Tagesspiegel թերթում:
«Ինչի՞ ենք կարող մենք հասնել ներկա պայմաններում: Գերմանիայի խորհրդարանը չի կարող հայերի եւ թուրքերի անունից պայքարի մեջ մտնել պատմության հետ: Այնուամենայնիվ, մենք կարող ենք հայացք նետել այդ սխալներին, որն արել է Գերմանիայի Ռեյխը: Լավ է, որ մեր համատեղ բանաձեւը հիշատակում է այն փաստը, որ գերմանական Ռեյխը որոշ պատասխանատվություն է կրում՝ լուռ մնալու համար: Բավարար ապացույցներ կան առ այն, որ Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցները մեղքի բաժին ունեն, եւ սա պետք է քննադատական մոտեցմամբ ուսումնասիրվի»,- գրել է Մայքլ Ռոթը:
Գերմանացի պաշտոնյան հորդորել է դադարել ձեւացնել, թե 1915թ. դեպքերին համապատասխան անվանում տալը պայմանավորված է ներկա քաղաքական խնդիրներով:
«ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ փախստականների հարցով համաձայնության իրագործումը կամ Թուրքիայում մտահոգիչ ներքին իրավիճակը որեւէ կապ չունեն 101 տարի առաջ կատարված դեպքերի հետ: Մահացած, տեղահանված անձանց հիշատակը եւ նրանց ժառանգներն արժանի չեն, որպեսզի նրանց բաժին հասած ճակատագիրը դառնա սակարկման առարկա պետությունների միջեւ վեճերում»,- նշել է Գերմանիայի պետնախարարը:
Մայքլ Ռոթի կարծիքով՝ Գերմանիան, ելնելով իր պատմական փորձից, կարող է ընդամենը մեկ խորհուրդ տալ. «Աիրելի՛ հայեր, սիրելի՛ թուրքեր. արեք այն, ինչ մենք արեցինք: Պատմական փաստերի հիման վրա՝ ազնիվ եւ անխնա ինքնաքննադատ եղեք ինքներդ ձեր նկատմամբ»:
Գերմանացի պաշտոնյան նկատել է, որ Գերմանիայից երկար ժամանակ է պահանջվել՝ անցյալի հետ առերեսվելու եւ պատասխանատվություն ստանձնելու համար:
«Կա մի բան, որը մենք կարող ենք անել՝ մենք պետք է խրախուսենք թուրքերին եւ հայերին՝ գտնելու նախագծեր, որոնք կօգնեն նրանց հասնել փոխըմբռնման եւ հաշտեցման: Նախեւառաջ, ես իմ հույսը կապում եմ երկու երկրների երիտասարդ սերնդի հետ: Դա կօգնի ուշադրությունը բեւեռել ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի վրա: Հայերի եւ թուրքերի միջեւ հաշտեցման ճանապարհի ամենադժվար մասը դեռ առջեւում է: Եվ Բունդեսթագի այսօրվա քննարկումը որեւէ կերպ չի փոխի այս հանգամանքը»,- եզրափակել է Մայքլ Ռոթը: