«Ռեալը» 11-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը
Վերջին երեք տարում երկրորդ անգամ միմյանց դեմ մրցեցին մադրիդյան երկու թիմերը` «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Ինչպես նախորդ անգամ, այս տարի եւս հաղթող դուրս եկան Արքայական ակումբի ֆուտբոլիստները:
Զինեդին Զիդանի սաներն առաջին խաղակեսում կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Գոլն իր հաշվին 15-րդ րոպեին գրանցեց թիմի ավագ Սերխիո Ռամոսը:
Երկրորդ կեսի հենց սկզբից «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները կարող էին հավասարեցնել հաշիվը: Պեպեի կոպիտ խաղից հետո, սակայն, Անտուան Գրիզմանը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:
Թվում էր, թե Դիեգո Սիմեոնեյի թիմը չի կարողանում գտնել դեպի «Ռեալի» դարպասը տանող ճանապարհը, սակայն խաղավարտից շուրջ 10 րոպե առաջ Յաննիկ Կարասկոն հրաշալի հարվածով հաշիվը դարձրեց 1:1:
Լրացուցիչ ժամանակում այդպես էլ ոչինչ չփոխվեց, ու հաղթողի անունը հայտնի դարձավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարից հետո:
Այստեղ ավելի հաջող գտնվեց «Ռեալը» ու հաղթեց 5:3 հաշվով` 11-րդ անգամ նվաճելով Չեմպիոնների Լիգայի գավաթը: