Արցախը ՄԱԿ-ին կոչ է անում հետաքննել ֆոսֆորի կիրառման լուրը
Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությունով` հայկական կողմին մեղադրելով ապրիլի 2-5-ի մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի կիրառման մեջ։
ՄԱԿ-ում տարածված ԼՂՀ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Արցախը պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելության՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու եւ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար։
«Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել եւ դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի ԱԳՆ-ում հիշեցրել են, որ դեռեւս 1992թ. ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվել էին ՄԱԿ-ի հատուկ փաստահավաք առաքելության կողմից։ Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը կրկին հանդես է եկել համանման չհաստատված մեղադրանքներով:
«Վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման եւ 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլեւ նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմական հանցագործություններից։ Այս կապակցությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին»,- հայտարարել են ԼՂՀ ԱԳՆ-ում։