«Գրադ»-ից արկակոծվել է Մարտակերտը, ՊԲ-ն պատասխան հարվածներ է հասցրել
Հակառակորդը օգտագործել է իր զինանոցում առկա գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները եւ զրահատեխնիկան, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք եւ տանկ:
Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ):
Հրետանային կրակ է վարվել նաեւ Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) եւ Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
ԼՂՀ Պաշտպանության բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի եւ թիրախային հարվածներ հասցրել հակառակորդի առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի նշանակալի կորուստներ: