Լավրով. Թուրքիան պատերազմի կոչ էր հնչեցրել
Այս մասին Սերգեյ Լավրովն ասել է Երեւանում՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մեդիամաքսի թղթակցի հարցին:
«Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են այն պարզ պատճառով, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք խնդրի ռազմական, ուժային լուծման կոչեր էին»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ նման հայտարարություններն արմատապես հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային հանրության դիրքորոշումներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին էր հակամարտության ամենասկզբից եւ կշարունակի այդպես վարվել:
«Մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իրական տիրոջ մոտ, կրկին ադրբեջանական կդառնա»,- ասել էր Թուրքիայի նախագահը: