Լիլիթ Լ.Ղազարյան. Երկրորդ շանս
- Մամ, տես, Էյֆելյան աշտարակը...
Աղջկաս հիացմունքն ընդհատվեց, երբ ես.
- Չէ, այն սուր աշտարակն իրականում Էյֆելյան աշտարակը չէ:
Հետո միտքս շարունակվեց, բայց արդեն լուռ. «Չէ, հաստատ Էյֆելյան աշտարակը չէ: Եթե Փարիզի սուրը խորհրդանշում է արդյունաբերական ու գիտական հարյուրամյակ, ապա այս սուրը լրիվ այլ հարյուրամյակ է խորհրդանշում»:
Բայց ինչպե՞ս երեքամյա փոքրիկին կրողը դարձնել այն հարյուրամյակի, որ դատապարտման ու ճանաչման ծարավով է ներծծված, ալ կարմիրից բացի ի՞նչ գույնի շրջանակ ընտրել` այս ամենը ներկայացնելու համար: Ու երբ հարմար ուրիշ գույն չգտնվի, ի ՞նչ պատասխանել, երբ հնչի.
- Ինչու՞ կարմիր:
Թող մնա, հետո կպատմեմ: Հետո, երբ նորը կառուցվի: Հինն ու նորը կխառնեմ իրար, կպատմեմ:
Ու նորը պիտի կառուցվի... էլի սուր, բայց այս սուրն արդեն խորհրդանշելու է այլ հարյուրամյակի սկիզբ: Ներկայացման շրջանակի գույնն այս անգամ երկմտանքի առիթ չի տալու: Դե հա, էլի ալ կարմիր է լինելու, ու ալ կարմիրն արյուն չի նշանակելու:
Աշտարակը, որ նոր ենք կանգնեցնելու ու որ հաղթանակ է խորհրդանշելու, այս անգամ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով է ներծծված լինելու:
ժամանակակից աշխարհում հայ ազգին մարդու պատկանելության հոմանիշը նոր սուրի «շինարարն» է լինելու:
Արագ, բայց ամուր կառուցելու պատասխանատվությունը շատ շուտ «շինարարությունն» ավարտին է հասցնելու:
Իսկ ավարտն այդ հնարավորությունների սկիզբն է դառնալու:
Իսկ հիմա գրախանութ պիտի գնալ...
Հայաստանից հեռու ապրող քրոջս աղջկան Թումանյանի հեքիաթները նվեր կուղարկենք:
Ու երբ ամռանը Հայաստան գան, էն շոգ երեկոյան մեր տանը Թումանյանի էն նույն գրքից երկու քույրիկներն իրենց ամենասիրելի հեքիաթը կընտրեն ու փոքրիկ ներկայացում կբեմադրեն:
Ու հայերեն կհնչի.
- Ողջու˜յն, մեր փոքրիյկ թատրոնի` բազմոցին սիրուն շարված հանդիսատես:
Հայաստանից հեռու ապրող էն փոքրիկ աղջիկը կշարունակի ու էլի հայերեն.
- Այսօր կտեսնեք բեմադրություն` ըստ Թումանյանի «Ամենից լավ տունը» հեքիաթի:
Կբարձրանան երևակայական ալ կարմիր ու ծանր վարագույրները:
Ներկայացումը սկսված է...