Տաթեւ Մարտիրոսյան. Երկրորդ շանս
Քաղաքից տուն՝ գյուղ գնալը պապակածի համար մի փարչ ջուր է:
Աչքերս չտեսի նման ճանապարհին ոչ մի թուփ ու գերան բաց չեն թողնում, թոքերս լցվում են տաք օդով՝ հագեցած խանձված հասկի ու խոտի բույրով: Բայց չէ՛, ամեն ինչ այսքան բազմերանգ չէ: Գյուղ չմտած՝ արդեն լսվում է ավտոմատի ձայնը, գրադի սպառնալի սուլոցը, աչքերիս առաջ մշուշ է… Օդը լի է փոշով ու բեկորներով:
Կհարցնեք՝ ի՞նչ եմ անում, փախչու՞մ եմ, պատսպարվու՞մ: Կասեմ՝ ոչ, ճիշտն ասած, ժամանակ էլ չի լինում, մի քանի րոպե քարացած կանգնում եմ, մինչ ամեն մի բեկոր հարթում է իր ուղին ու ասում են՝ բախտդ բերեց՝ չկպավ: Ճակատագիրս չեմ տնօրինում, բայց կարող եմ այդ ակնթարթի ու պահի տերը լիել, կարող եմ գործել՝ ճակատագրի վրա հետք թողնելով:
Զերծ կմնամ ավելորդ պաթոսից. Հայաստանը ես եմ, դու ես, մենք ենք… Հայաստանն ինձ համար այն հողն է, քարը, թուփն ու ծառը, որոնք հիշողություններիս վկաներն են: Այս ամենը հիշողությունների մի տարա է. ինձ համար թանկարժեք, ինձ համար անբաղդատելի, բայց ես նույնը չեմ կարող պահանջել իմ ռուսաստանաբնակ, ամերիկաբնակ քրոջից ու եղբորից: Ցեղակրոնություն ու աշխարհաքաղաքացիություն (կոսմոպոլիտիզմ), թեև միմյանց հակասող գաղափարախոսություններ, բայց և այնպես, ինձ համար կարևորագույն արժեքներ: Սովորենք հարգել միմյանց. հարգենք ազգանվերի ու մեր թյուր կարծիքով՝ ազգուրացի արժեքներով սնվածին:
Սփյուռքահայ. երբեմն միայն հազիվ նշմարվող հայկական դիմագծերը կարող են հիշեցնել իր արմատների մասին: Ինչու՞ պահանջել նրանից փափագել այն ամենը, ինչը նրան երբեք էլ չի ապրեցրել: Ես շա՜տ ուրախ կլինեմ, որ պապերից լսած ու ապրած հիշողությունները նրան վերադարձնեն, բայց նրանից պահանջել վերադարձ՝ երբեք:
Ասում եք մշակույթ, լեզու, քրիստոնեական արժեքներ. սրանք կարծես ուտեստի համեմունքներ լինեն. համեմում են, բայց չեն կշտացնում: Մինչ բոբիկ ոտքդ չդնես հողին, սարերից չառնես օշինդրի ու ուրցի, թոնրից բարձրացող հացի հոտը, հիշողություններիդ տարայում հայկական պնակները դատարկ կմնան, իսկ դատարկությունը միայն արձագանում է: Եկեք կերտողը լինենք մեր պահի, օրվա, ապագայի ու ճակատագրի: Նույնիսկ օրհասական պահին գյուղացին իր գութանն ու խոփը ցած չի դնում:
Արդ, դարբնի հարվածներով ամրացնենք մեր պատմական հիշողությունը, ապագայի տեսլականը, և միգուցե արդյունքում այլևս չլինեն սփյուռքահայեր, այլ լինեն միմիայն հայրենադարձներ: