Հայրապետյան. 3 ֆուտբոլիստներ այլեւս չեն հրավիրվի Հայաստանի ընտրանի
«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գեւորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է: Նրանք այլեւս գլխավոր թիմում չեն լինելու: Նրանց վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջեւ են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանն ու Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է»,- նշել է Հայրապետյանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ թիմում դավաճանություն է եղել ու պետք է բացահայտի բոլոր մեղավորներին: Հարցազրույցում ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ դավաճանությունը միայն խաղ վաճառելը չէ. «Ես անուն չեմ տվել, որեւէ մեկին չեմ մեղադրել խաղ վաճառելու մեջ: Բնականաբար, ես փաստեր չունեմ, բայց չեմ հանգստանալու եւ մինչեւ վերջ ձգտելու եմ ամեն ինչ ճշտել: Հավաքականը 0:3 հաշվով պարտվում է, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները մինչեւ ականջները բացում: Եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, վերջին 2 տարում նա ֆուտբո՞լ է խաղացել, իհարկե՝ ոչ»:
[[gallery1]]
Ըստ Հայրապետյանի՝ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը, քանի որ այդ ամենով նա միայն մատնել է իրեն: «Քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական: Ինձ մեղադրում են, որ խառնվում եմ ընտրանու ներքին գործերին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համար մեկ պատասխանատուն է ու պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: Ես երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից եւ մեղքը չեմ գցել մարզիչների վրա: Ինչ խոսք, ես էլ իմ մեղքն ունեմ, միգուցե սխալ ընտրություն եմ կատարել: Այլ բան է, որ հավաքականի գործերին չպետք է միջամտեն կողմնակի մարդիկ»,- ավելացրել է նա:
Իսկ ահա Գեւորգ Ղազարյանն այս անգամ հավաքական չի հրավիրվել, քանի որ այդպես գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն է ցանկացել:
Նա նաեւ նշել է, որ երբեք թույլ չի տա, որ երկրպագուները «խցկվեն» հավաքականի գործերի մեջ եւ մարզիչ պահանջեն: