ՀՀ նախագահ. Պետության մեջ դրականն էլ ենք մենք, բացասականն էլ
«Այս փորձառությունն ու ձեռքբերումները պետք է օգտագործենք Հայ դատն առավել կազմակերպված եւ համակարգված առաջ տանելու համար», - մարտի 14-ին Աթենքում ասել է ՀՀ նախագահը՝ Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մեր ռազմավարական խնդիրներից է կազմակերպված եւ ուժեղ սփյուռք ունենալը, իսկ սփյուռքի գերխնդիրը՝ հայապահպանությունն է, ուծացման եւ լեզվամշակութային կորստի դեմ պայքարը ապագա բոլոր սերունդների համար։ Մենք պետք է համատեղ հետեւողական ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ, մշակենք ու կյանքի կոչենք առավել նպատակային եւ հեռահար ծրագրեր։ Համոզված եմ, որ ազգապահպանության բանալին, նախևառաջ, հզոր Հայրենիքն է: Ազգի ներուժի մեկտեղմամբ պետք է կառուցենք ամուր ու ապահով Հայաստան:
Հայաստանի եւ Սփյուռքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելը։ Ավելի քան 17 հազար սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, եւ Հայրենիքը բոլոր հնարավոր միջոցներով ջանում է նեցուկ կանգնել նրանց», - ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը խոսել է նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի մասին:
«Մենք անկախացանք դժվարին պայմաններում, բայց չընկրկեցինք, հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում ու մտանք պետականաշինության ու զարգացման ուղի։ Այսօր էլ կան մեր բնականոն զարգացումը խոչընդոտող մի շարք գործոններ, բացասական երեւույթներ, բայց պետք է շեշտեմ մի շատ կարեւոր բան` պետությունը բացարձակ արժեք է, պետականությանը պետք է հավատալ, նվիրվել: Պետությունը, ինչպես մեր ընտանիքները, ամենօրյա հոգածության կարիք է զգում: Մեր պետության մեջ դրականն էլ ենք մենք, բացասականն էլ, չենք կարող մեզ վերագրել դրականն ու օտարել բացասականը, կամ խոսել միայն բացթողումներից` չնկատելով ձեռքբերումները: Պետության կերտողները մենք ենք, յուրաքանչյուրս՝ իր անմնացորդ նվիրումով, եւ բոլորս` մեր միասնական ու համատեղ աշխատանքով», - ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ասել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո «մենք թեւակոխում ենք զարգացման որակական նոր փուլ, որը մեծապես նպաստելու է առավել բաց, առավել արդար հասարակության կառուցմանը, երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական միավորումների առավել լայն ընդգրկմանը, հող է նախապատրաստելու մեր գալիք սերունդների կյանքն ավելի բարենպաստ ու անվտանգ դարձնելու համար»։