ԵՄ-ն սահմանել է ՌԴ-ի հետ հարաբերությունների 5 սկզբունքները
Ինչպես գրում է Коммерсантъ-ը, հանդիպման ավարտին Եվրոպական Միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ նախարարները «միաձայն հավանություն են տվել Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցման 5 սկզբունքներին»:
Առաջին հերթին, ԵՄ արտգործնախարարները պնդում են, որ պետք է լիարժեք կատարվեն Դոնբասի հակամարտության կարգավորման հետ կապված Մինսկի պայմանավորվածությունները: Դա Մոսկվայի հանդեպ Բրյուսելի մոտեցման էական փոփոխման առանցքային տարրն է:
Այնուհետ, նրանք պահանջում են, որ Ռուսաստանի հետ ապագա համագործակցությունը չվնասի Արեւելյան գործընկերության պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդավիա, Ուկրաինա) եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԵՄ կապերը:
Երրորդ, Ռուսաստանի հետ հարաբերությունները, ըստ հանդիպման մասնակիցների, պետք է օժանդակեն «Եվրամիության կայունության ամրապնդմանը, մասնավորապես, էներգետիկ անվտանգության, կիբերսպառնալիքների եւ ռազմավարական կոմունիկացիաների ոլորտում»:
Չորրորդ, ԵՄ արտգործնախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ունենալ «ընտրողական գործակցություն» այն հարցերի շուրջ, որտեղ առկա է «բացահայտ եվրոպական շահ». դա, օրինակ, վերաբերում է Սիրիայի իրավիճակին, Հյուսիսային Կորեային, մերձավորարեւելյան կարգավորմանը, միգրացիային, ահաբեկչության դեմ պայքարին եւ կլիմայական փոփոխություններին:
Եվ վերջապես, նախարարները պայմանավորվել են «սատարել ռուսաստանյան քաղաքացիական հասարակությանը եւ ներդրումներ կատարել մարդկանց միջեւ շփումների զարգացման մեջ»:
Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ այդ սկզբունքների իրականացումն առաջիկայում կքննարկվի նաեւ Եվրոպական հանձնաժողովում: