Ֆրանսիան պատրաստ է ՀՀ-ի հետ կիսվել քաղաքի կայուն զարգացման փորձով
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ, 2016թ. Ֆրանկաֆոնիայի շրջանակում այսօր Երեւանում բացվել է «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» թեմայով տնտեսական հանդիպումը, որի նպատակն է ներկայացնել քաղաքի տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ մշակութային կայուն զարգացման՝ Հայաստանում եւ Ֆրանսիայում իրականացված փորձը:
Հանդիպմանը ներկա են գտնվել քաղաքաշինության ոլորտի մասնագետներ, բիզնես, հանրային եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքային տնտեսության հայ-ֆրանսիական կապերը սկիզբ են առնում 1994-ից:
Նախարարը նշել է, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքն 1998թ. ընդունվեց հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում, եւ Հայաստանն ընտրեց քաղաքաշինության կազմակերպման ֆրանսիական մոդելը:
«Այսօր Երեւանում առկա հիմնական խնդիրները կապված են տրանսպորտի աշխատանքի կազմակերպման, աղբահանության, էներգախնայողության, քաղաքի կայուն զարգացման հետ: Վստահ եմ, որ նման համատեղ հանդիպումներն ու մասնագետների կանոնակարգված աշխատանքն անպայման արդյուքներ կտան»,- ասել է Նարեկ Սարգսյանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպենտիեն էլ նշել է, որ Ֆրանսիայի խոշոր քաղաքաները, ինչպես Մարսելը, Լիոնը, պատրաստ են Հայաստանի տարբեր քաղաքների հետ կիսվել քաղաքի կայուն զարգացման իրենց հաջող փորձով եւ իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր:
«Եթե դիտարկենք իրավիճակը Հայաստանում, ապա նկատում ենք, որ բնակչության մեծ մասը բնակվում է քաղաքներում, հատկապես՝ Երեւանում: Հայաստանի կողմից ներմուծվող գազը եւ նավթը շատ թանկ է քաղաքի բյուջեի համար: Այս առումով, պետության եւ տնտեսությունների բյուջեն հիմնականում ծախսվում է տրանսպորտի եւ շինությունների էներգետիկ ծախսերը փակելու ուղղությամբ եւ կազմում է ամբողջ բյուջեի շուրջ 35%-ը»,- նկատել է դեսպանը:
Նրա խոսքով՝ այսօր առաջարկվում են լուծումներ, որոնք համատեղում են սոցիալական նորարարությունը եւ տնտեսական արդյունավետությունը (շենքերում էներգիայի համատեղ օգտագործում, համատեղ երթեւեկության, ջրի տնտեսում եւ այլն):
Ժան-Ֆրանսուա Շարպենտիեն վստահություն է հայտնել, որ «Խելացի քաղաք» ծրագրի իրականացումը լի է խոստումներով:
Ապրիլի 1-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարք՝ քաղաքի կայուն զարգացման թեմայով: