ԱՄՆ կոնգրեսականները ISIS-ի արարքները որակել են ցեղասպանություն
Թիվ 75 բանաձեւը, որի հեղինակներ են Ներկայացուցիչների պալատում Մերձավոր Արեւելքի կրոնական փոքրամասնությունների հարցով խմբի համանախագահներ, հանրապետական Ջեֆ Ֆորտենբերին եւ Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ Աննա Էշուն, միաձայն ընդունվել է նախօրեին՝ ստանալով 393 կոնգրեսականների աջակցությունը:
Իր ելույթում Աննա Էշուն անդրադարձել է իր հայկական եւ ասորական արմատներին՝ ընդգծելով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:
«Ամերիկահայությունը ողջունում է Ներկայացուցիչների պալատում այս բանաձեւի ընդունումը՝ որպես հզոր խթան ԱՄՆ ղեկավարության համար՝ վերջ դնելու ցեղասպանություններին, որոնց մեծ մասն իրականացվել է Անկարայի դաշնակիցների կողմից»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հայ Դատի գրասենյակի փոխանցմամբ՝ մարտի 17-ը ԱՄՆ նախագահի կողմից տվյալ հարցի շուրջ պաշտոնական դիրքորոշում արտահայտելու վերջնաժամկետն է: