Անկարան կորցնում է իրականության զգացումը, ասել է Նալբանդյանը
Այդ մասին ԱԳՆ ղեկավարը ասել է Коммерсантъ թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ռուս-թուրքական հարաբերությունների լարումն անդրադառնում Ղարաբաղյան հիմնահարցի վրա:
«Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացողությունը, ընդ որում, ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության առումով: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ, ինչպես XX դարի սկզբին նրա հետ համագործակցում էին «հայկական խմբավորումները»: Նման հայտարարությունը շատ լուրջ ազդանշան է միջազգային հանրության համար այն առումով, թե ինչ կարող է պատահել քրդերին: XX դարում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան, նույնպես մեղադրում էր Ռուսաստանին՝ հայերին զինելու եւ սադրելու համար:
Ակնհայտորեն, 100 տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքական ղեկավարության մեջ շատ բան չէ փոխվել: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Ղարաբաղյան հարցին լուծում տալ, ապա պետք է հնարավորինս հեռու մնա կարգավորման գործընթացից», - ասել է Նալբանդյանը:
Խոսելով ԼՂ կարգավորման գործընթացի մասին՝ նախարարը նշել է, որ «ոչ Հայաստանը, ոչ էլ միջնորդները մեղավոր չեն, որ մինչ այժմ հարցը լուծում չի ստացել»:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ կարգավորմանը՝ համանախագահների կողմից առաջադրած սկզբունքների հիման վրա: Իսկ Ադրբեջանը քննադատում է թե՛ այդ առաջարկները եւ թե՛ համանախագահներին: Հասել է նրան, որ Բաքուն սկսել է մեղադրել նրանց իսլամոֆոբիայի համար՝ հայտարարելով. իմաստ չկա նրանց հետ հանդիպելու, քանի որ նրանք ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Երեւում է, Ադրբեջանում այդքան էլ ճիշտ չեն հասկանում միջնորդության դերը»: