ԱԳՆ-ն երբեւէ չի անտեսում քննադատությունը, ասել է Նալբանդյանը
Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է ԵՊՀ գիտական խորհրդի նիստին՝ Դիվանագետի օրվան նվիրված իր ելույթում:
«Այս տարիների ընթացքում մեր գործունեության մի կարեւոր մասն ուղղված է եղել մեր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելուն, դիվանագիտական կադրերի պատրաստման եւ վերապատրաստման նոր նախաձեռնությունների միջոցով համակարգի ընդհանուր պատրաստվածության մակարդակը էականորեն բարձրացնելուն»,- ասել է ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ հայկական դիվանագիտության առջեւ ծառացած մարտահրավերներն այսօր եւս հրատապ են:
«Պաշտպանել պետության եւ ՀՀ քաղաքացիների շահերը, երկկողմ եւ բազմակողմ տարբեր հարթակներում չեզոքացնել մեր դեմ ուղղված, տարաբնույթ ռեսուրսներով սնվող նախաձեռնությունները, աջակցել ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, այսպես ասած, «թեժ կետերում»։ Անհրաժեշտ է ոչ թե սպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կազմակերպությունը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձեւավորելուն միտված սեփական նախաձեռնություններով»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դիվանագետ պետք է հետեւողականորեն, բայց համեստորեն իրականացնի իր պարտականությունները, եւ նրան չպետք է հետաքրքրեն դափնիները։