ՀՀ-ն ցանկանում է ԵՄ-ի հետ բանակցել վիզայի ազատականացումը
«Հայաստան-Եվրոպական Միություն կապերի խթանման գործում իրենց ուրույն տեղն ունեն մարդկային շփումները, եւ մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարեւոր գործոն՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար:
Արդեն երկու տարուց ավելի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը, եւ մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու եւ սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը՝ Երեւանում Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նախարարը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել եւ ամրապնդել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նկատի ունենալով ՀՀ-ի պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձեւաչափերում:
«Մենք ունենք քննարկումների հստակ շրջանակ ու ժամանակացույց։ Հայաստանի եւ Եվրամիության բանակցող թիմերն արդյունավետ հանդիպումներ են անցկացնում, եւ այդ կապակցությամբ մենք երկուստեք գոհունակություն արտահայտեցինք արձանագրված առաջընթացի վերաբերյալ։ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ ունեն խոստումնալից հեռանկարներ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։