Տարոն Մարգարյանը շարունակում է քննադատել ենթականերին
Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, այս մասին քաղաքապետն ասել է աշխատակազմի բնապահպանության վարչության, ինչպես նաեւ վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների պատասխանատուների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում:
«Քաղաքացիները միշտ բողոքում են, որ կանաչ տարածքները քիչ են Երեւանում, եւ, իհարկե, արդարացի են: Մեր հասարակության եւ մեր բոլորի ցանկությունն է կանաչ տարածքների ավելացումը: Քաղաքացիներն ակտիվորեն օգտվում են այն նոր, բարեկարգ այգիներից, որոնք այս տարիների ընթացքում ստեղծվել են: Եվ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը պետք է բազմապատկել, անհրաժեշտ է նախաձեռնել ու իրականացնել կանաչ տարածքների, այգիների ստեղծման նոր ծրագրեր: Դրա կարիքն, իրո՛ք, կա մայրաքաղաքում»,- ասել է քաղաքապետը:
Նա կոչ է արել բնապահպանության ոլորտում իրականացվող ցանկացած գործողության վերաբերյալ հանրությանը նախապես իրազեկել՝ մասնագիտական սպառիչ հիմնավորումներով:
«Վերջին տարիներին հսկայական աշխատանք ենք կատարել կանաչ տարածքների ավելացման, ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Իսկ արդյո՞ք հանրությունը լիարժեք տեղեկացված է այդ մասին, ինչո՞ւ պարբերաբար լրատվամիջոցներով չեք ներկայացնում արվածը, տարբեր մասնագետների չեք ներառում իրազեկման գործընթացում: Փոխարենն անընդհատ արդարացողի դերում եք, այնինչ եթե ժամանակին մասնագիտորեն ներկայացնեք եւ հիմնավորեք, օրինակ, հենց ծառերի էտման անհրաժեշտության եւ բնապահպանական այս կամ այն աշխատանքների մասին, ավելորդ աղմուկ, համոզված եմ, չի լինի: Սպասում եք, թե երբ են քննադատելու, որ սկսեք արդարանալ: Փոխե՛ք ձեր աշխատաոճը, ներկայացրեք բոլոր այն ծրագրերը, որ իրականացվում են մեր կողմից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների երեւույթին՝ քաղաքապետն ասել է, որ այս հարցում որեւէ արդարացում չի կարող լինել:
«Որեւէ արդարացում չունի նաեւ կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերի իրականացումը: Նման երեւույթների դեմ պայքարում ձեզանից ակնկալում եմ կոշտ եւ հետեւողական մոտեցում: Ինչ վերաբերում է արդեն հատված ծառերին, ապա քայլեր ձեռնարկեք նույն տեղերում նոր ծառեր տնկելու ուղղությամբ»,- հավելել է Տարոն Մարգարյանը:
Մեդիամաքսը նշում է, որ վերջին մի օրերի ընթացքում Տարոն Մարգարյանը մի քանի անգամ իր ենթականերին ենթարկել է հրապարակային քննադատության: