ԵՄ-ն նոր համաձայնագիր կկնքի «մշակույթների կամուրջ» Ադրբեջանի հետ
Այս մասին Ֆեդերիկա Մոգերինին ասել է փետրվարի 29-ին Բաքվում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այդ համաձայնագրի խորհրդատվական աշխատանքն արդեն սկսվել է եւ առաջիկայում ԵՄ անդամ պետությունների հետ նախատեսվում են քննարկումներ՝ բանակցելու մանդատ ստանալու նպատակով»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին:
ԵՄ բարձր ներկայացուցիչը նաեւ խոսել է տարածաշրջանային բարդ իրավիճակի մասին: Նա նշել է, որ Ադրբեջանը, սահման ունենալով Ռուսաստանի, Իրանի հետ, կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում:
«Մենք խոսել ենք նաեւ Ադրբեջանի՝ մշակույթների միջեւ կամուրջ լինելու դերի մասին: Սա մի ներդրում է, որը հատկապես ողջունվում եւ գնահատվում է նկատի առնելով վերջին շրջանի մարտահրավերները մեր ընդհանուր տարածաշրջանում եւ մեր առանձին հասարակություններում: Ես շատ ուրախ եմ, որ Բաքուն ապրիլի 25-27-ը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը: Ես նաեւ վստահ եմ, որ Ադրբեջանի ներդրումը մշակույթների երկխոսության գործում կարտացոլվի մեր ապագա համաձայնագրում»,- ասել է Մոգերինին:
Նա հավելել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի կարեւոր ռազմավարական գործընկերն է էներգետիկ համագործակցության տեսանկյունից՝ ընդգծելով Հարավային գազային միջանցքի առանցքային դերը ԵՄ-ի էներգետիկ անվտանգության համար:
Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ԵՄ Բարձր ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին:
«Մեր բանակցությունների ընթացքում ես նշել եմ, որ ԵՄ-ն կարեւորում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, այդ թվում խաղաղ հավաքների անցկացման իրավունքի հարգումը: Ես իշխանություններին կոչ եմ արել վստահության նոր երկխոսություն հաստատել երկրի քաղաքացիական հասարակության հետ, եւ այս համատեքստում ես անդրադարձել եմ այն անհատներին, որոնք գտնվում են բանտում»,- ասել է նա: