ՀՀ-ն կարեւորել է հակամարտող կողմերի միջեւ տնտեսական ծրագրերը
Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է փետրվարի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաեւ միջազգային այլ գործակալությունների եւ կազմակերպությունների գործողությունները չպետք է որեւէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար։
«Կարեւոր է հակամարտությունների հետեւանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձեւավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջեւ իրական վստահություն կառուցելու միջոցով: Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության եւ զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջեւ ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարեւոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձեւավորման տեսանկյունից»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 20-ամյա գործունեությանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս ընթացքում համատեղ ծրագրեր են իրականացվել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական կառավարումը, աղքատության կրճատումը, սահմանների համալիր կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ աղետների ռիսկի նվազեցումը:
Նա հիշեցրել է, որ անցած տարի ՀՀ կառավարությունը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման աջակցության երրորդ ծրագիրը, որն ուղորդելու է կողմերի համագործակցությունը 2016-2020թթ. ժամանակահատվածում: