Թուրքերը չեն կողմնորոշվում իրական աշխարհում, ասել է Լավրովը
«Աստիճանաբար ավելի ոչ ադեկվատ դարձող Թուրքիայի գործողություններին մենք ուշադրություն էինք հրավիրում դեռ այն ժամանակ, երբ մեր ռազմատիեզերական ուժերը չէին սկսել աշխատանքները Սիրիայում: Միայն այն պատճառով, որ մենք կտրականապես դեմ էինք Բաշար Ասադի պաշտոնաթողությունը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, թուրքերը սկսել էին մեզ մեղադրել աշխարհի բոլոր մեղքերի համար», - ասել է Լավրովը «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում:
«Անցած տարվա ամռան սկզբին Էրդողանը հայտարարել էր, թե «մենք կարող ենք ռուսներին փոխարինել՝ գտնելով այլ առեւտրային գործընկերներ»: Անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայի Սոբորնայա մզկիթի բացմանը գտնվելիս, Թուրքիայի նախագահը իրեն որոշ արտահայտություններ թույլ տվեց, որոնք ոչ մի հյուր իրեն թույլ չի տա բարեկիրթ հասարակությունում», - նկատել է ռուսաստանցի նախարարը:
«Թուրքիայում շարունակվում են խոսակցությունները, որ պետք է Սիրիայի տարածքում ISIS-ից ազատ անվտանգության գոտի ստեղծել: Բոլորը հասկանում են, որ խոսքը գնում է երկու քրդական անկլավների արանքում գտնվող սահմանի հատվածի մասին, որոնց ուժերի միավորումը Թուրքիան իր համար անթույլատրելի է համարում: Տեղեկություններ կան, որ ISIS-ի ղեկավարությունը շարունակում է գաղտնի շփումներ ունենալ Թուրքիայի ղեկավարության հետ: Նրանք քննարկում են ներկա իրավիճակում գործողությունների տարբերակները, երբ մեր հարվածների պատճառով մաքսանենգության ավանդական երթուղիների հնարավորությունները էապես սահմանափակվել են», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ Թուրքիան չի իրագործի իր սպառնալիքը եւ լայնածավալ ներխուժում Սիրիայի տարածք չի իրականացնի:
«Չեմ կարծում, թե ամերիկացիների կողմից ղեկավարվող կոալիցիան, որի մեջ մտնում է նաեւ Թուրքիան, կգնա նման անխելամիտ քայլերի», - ասել է Լավրովը: