Թուրքիան մեծ նշանակություն ունի մեզ համար, ասել է Խիդաշելին
«Ի դեմս Թուրքիայի՝ մենք ունենք ՆԱՏՕ-ի անդամ հարեւան երկիր: Մենք շնորհակալ ենք Թուրքիային իր բոլոր նախաձեռնությունների եւ աջակցության համար, որ մեզ ցուցաբերում է՝ ինչպես ՆԱՏՕ-ի նախարարական եւ այլ հարթակներում, այնպես էլ ավելի առարկայական օժանդակության հարցում»,- ասել է Թինաթին Խիդաշելին:
Նա չի պատասխանել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում տարածաշրջանում գրանցված լարվածության աճի վերաբերյալ հարցին, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն այս կապակցությամբ ասել է.
«Հակամարտության խնդիրները պետք է լուծվեն համագործակցության եւ տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ աջակցելու առկա խնդիրների լուծմանը»:
Վրացի նախարարը հրաժարվել է մեկնաբանել նաեւ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցի վերաբերյալ բանաձեւերի քվեարկության ժամանակ Վրաստանի պատվիրակության դիրքորոշումը՝ նկատելով, որ ինքն այլեւս խորհրդարանի անդամ չէ:
«Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ եթե նայեք ԵԽԽՎ-ում Վրաստանի եւ Հայաստանի քվեարկության վիճակագրությանը, չեմ կարծում որ մեկս մյուսի պատվիրակությունից գոհ կլինի. այդպիսին բան է քաղաքականությունը»,-եզրափակել է Թինաթին Խիդաշելին: