CNN. Հայաստանում շախմատը դարձել է ազգային հպարտություն
«Երբ Լեւոն Արոնյանը քայլում է հարազատ Երեւանով, բոլորը ժպտում են, մոտենում, սրճարաններում նրանից գումար չեն վերցնում, ծնողներն իրենց երեխաներին կոչում են նրա անունով:
Արոնյանն աշխարհում 4-րդ լավագույն խաղացողն է: Եւ սա փոքրիկ, նախկին խորհրդային, շախմատային երկրում, իսկ սա նշանակում է, որ Արոնյանն ազգային հերոս է»,- հայկական շախմատին նվիրված անդրադարձում այսպես է սկսվում CNN-ի հոդվածը:
Լրագրողը նշում է, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանն աշխարհում ամենաշատ թվով գրոսմայստերներն ունի, իսկ վերջին 5 շախմատային Օլիմպիադաներում 3 անգամ հաղթել է հենց Հայաստանի հավաքականը:
«Որպեսզի իսկապես հասկանաք, թե որքան են այստեղ սիրում շախմատը, պետք է դուրս գաք փողոց: Մարդիկ տարբեր տեղերում նստած են խաղատախտակների առջեւ, պապիկներն իրենց թոռնիկներին սովորեցնում են այս խաղը, դպրոցներում դասավանդվում է շախմատ առարկան: Այն երեխաների մեջ զարգացնում է ստեղծագործ միտքը, լոգիկան, հաղթելու ձգտումը»,- ասել է պրոֆեսոր Արամ Հաջյանը:
Առանց Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հնարավոր չէ պատկերացնել հայկական շախմատը: Հոդվածագիրը նշում է, որ 1963-ին, երբ նա չեմպիոնական թագի համար պայքարում էր Միխայիլ Բոտվիննիկի դեմ, ողջ հայությունն էր հետեւում նրան: Երեւանի Օպերայի հրապարակում, որտեղ հեռարձակվում էր խաղը, հազարավոր մարզիկ էին հավաքվում:
Այս երկրի համար, որը տեսել է բազմաթիվ դժվարություններ, այդ թվում եւ 20-րդ դարասկզբին ահավոր կոտորածներ, շախմատը դարձել է ազգային հպարտություն, գրել է նյութի հեղինակ Շինա Մաքքենզին:
«Մենք զուտ միայն պայքարող ու կռվող ազգ չենք: Մենք մի ազգ ենք, որը կարող է վերադառնալ իր` երբեմնի մեծ երկրի փառավոր օրերին, երկիր, որը նոր կանոններ հաստատեց»,- նշել է Արոնյանը:
«Երբ ճամփորդեք Հայաստան, կտեսնեք բոլոր այն վանական համալիրներն ու համալսարանները, որոնք 1500 տարվա պատմություն ունեն եւ կզգաք, որ ահա դա ենք մենք: Մենք մեծ ինտելեկտուալ կարողություններով օժտված ազգ ենք: Ըստ իս, սիրելով շախմատը, մենք ցանկանում ենք հետ բերել մեր` երբեմնի գիտական ազգ լինելու զգացումը»,- եզրափակել է նա: