ԵԽ-ն հորդորել է ՀՀ-ին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ կիրառվող միջոցները ուսումնասիրող ԵԽ փորձագիտական հանձնաժողովի (MONEYVAL) վերջին զեկույցում ասված է, որ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն, որ իրավապահ մարմինների ջանքերը լիովին համապատասխանեն երկրում առկա փողերի լվացման ռիսկերին:
«Խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը եւ յուրացումները Հայաստանում հանդիպող ամենաբարձր ռիսկերն են։ Երկրի տնտեսությունը, բանկային համակարգը, ինչպես նաեւ անշարժ գույքի շուկան փողերի լվացման համար ամենախոցելի ոլորտներն են։ Չնայած ֆինանսական հաշվետվությունները արդյունավետ են հավաքվում, այնուամենայնիվ, իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ չեն օգտագործում դրանք՝ փողերի լվացումից ստացված հանցավոր եկամուտները ապացուցելու եւ այդ դեպքերը հետաքննելու համար»,- ասված է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։
Զեկույցի հեղինակները նշել են, որ Հայաստանն առաջընթաց է գրանցել իրավական ամուր հիմքերի եւ ֆինանսական համակարգի արդյունավետության ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, բավական արդյունավետ են գործում ահաբեկչության ֆինանսավորումը հայտնաբերելու եւ այն կանխարգելելու մեխանիզմները:
Հայաստանը ԵԽ փորձագիտական հանձնաժողովի առջեւ պատասխան զեկույցով պետք է հանդես գա 2018թ. ապրիլին, իսկ այս տարվա դեկտեմբերին կներկայացնի միջանկյալ զեկույց՝ գործողությունների պլանի որոշ դրույթների վերաբերյալ: