Քաղաքապետարան. Երեւանի բոլոր փողոցները լիովին երթեւեկելի են
Ինչպես հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, համապատասխան մեքենասարքավորումները, աղցան մեքենաները ձյան շերտից մաքրել եւ աղի ու ավազի խառնուրդով մշակել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները:
«Աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, եւ առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիովին երթեւեկելի:
Ձնամաքրման եւ փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են եւ կընթանան ողջ օրվա ընթացքում: Զուգահեռ կմաքրվեն բակային տարածքները, հետիոտնային ստորգետնյա եւ վերգետնյա անցումները»,- ասված է հաղորդագրությունում:
Հունվարի 25-ի երեկոյան հայտարարությամբ հանդես էր եկել «Սանիտեկ» ընկերությունը, որում, մասնավորապես, ասված էր.
«Անընդմեջ տեղացող ձյան պարագայում ճանապարհների ամբողջական մաքրությունը տեսականորեն անգամ հնարավոր չէ ապահովել, սակայն մեզ համար սկզբունքային է մեր աշխատանքը առավելագույնս պատշաճ կերպով կատարելը: Հայցում ենք Երևանի բնակիչների ներողամտությունը դեռևս առկա որոշ թերացումների համար և լիահույս ենք, որ բնակիչների հետ համագործակցությամբ կկարողանանք քաղաքը առավելագույնս անվտանգ ու անցանելի դարձնել»: