ԵՄ-ՀՀ հանձնաժողովը կողմ է հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը
Այս մասին ասված է այսօր Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի արդյունքներով ընդունված եզրափակիչ հայտարարության մեջ:
Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը:
Երկօրյա քննարկումների ավարտին ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին:
Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է եւ այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Հանձնաժողովը ափսոսանք է հայտնել ԼՂ հակամարտության պատճառով շարունակվող մարդկային կորուստների, հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր հրետանու, ականանետների կիրառմամբ:
«Չի կարող որեւէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի եւ վիրավորների համար: Մենք աջակցում ենք հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասված է հայտարարության մեջ:
Հանձնաժողովը ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը նշել է, որ նոր, հավակնոտ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը համատեղելի է Արեւելյան գործընկերության առաջանցիկ տարբերակման մոտեցման հետ` մասնավորապես հաշվի առնելով վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: