Հունահռոմեականներն առաջիկա մրցաշարերին պատրաստվում են Երեւանում
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ իրենք պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին:
«Թիմի մեծ մասը ելույթ է ունենալու Բուլղարիայում կայանալիք Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով ավանդական մրցաշարում (հունվարի 29-31), իսկ երկու հոգի էլ մասնակցելու են Ստամբուլի մրցաշարին (հունվարի 30-31)»,- նշել է Ջուլֆալակյանը:
Թուրքիայում ելույթ են ունենալու Արամ Ջուլֆալակյանն ու Արսեն Ջուլֆալակյանը. «Վարկանշային մրցաշարերից մեկը կայանալու է Ստամբուլում: Նպատակահարմար գտանք, որ Արսենը ելույթ ունենա այնտեղ՝ մրցելով հիմնական հակառակորդների հետ ու նաեւ հարմարվելով այնտեղի մթնոլորտին»:
Իսկ Սոֆիայում հանդես են գալու Ռոման Ամոյանը, Գեւորգ Ղարիբյանը, Նարեկ Խաչատրյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):