ԵՄ-ն փորձելու է մեղմել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի վեճը
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Իրավիճակը Սիրիայում ավելի փխրուն է դարձել՝ Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջեւ առաջացած հակամարտության պատճառով: Մենք ջանքեր ենք գործադրելու, որպեսզի այդ հակամարտությունը «չպայթի» եւ ձեռք բերված առաջընթացը չվերացվի», - հայտարարել է գերմանական արտաքին քաղաքականության ղեկավարը:
Երկու երկրների հարաբերությունները սրվեցին Սիրիայում, Իրաքում եւ Եմենում պատերազմների պատճառով, ինչպես նաեւ Մինայում հաջի ժամանակ ուխտագնացների հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո:
Հերթական սրացումը տեղի ունեցավ 2016 թ. սկզբին, երբ մահապատժի ենթարկվեց հայտնի սաուդյան քարոզիչ, այաթոլա Նիմր ան Նիմրը: Հունվարի 2-ի եւ լույս 3-ի գիշերը շիա աստվածաբանի մահապատժից զայրացած իրանցի ցուցարարները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա Թեհրանում եւ Մեշհեդում: Ի պատասխան դրան, հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: