Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական գործակցության նոր պլանը
Քննարկումների արդյունքում Դավիթ Տոնոյանը եւ բրիտանական պատվիրակության ղեկավար, Միացյալ Թագավորության միջազգային անվտանգային քաղաքականության տնօրեն Նիք Գըրը ստորագրել են պաշտպանական բնագավառում 2016-2017 թթ. համագործակցության պլանը:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այն ընդգրկում է համագործակցության մոտ երկու տասնյակ ուղղություն, որոնք հիմնականում առնչվում են ռազմական կրթությանը եւ վերապատրաստմանը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը եւ այլն:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ՀՀ պաշտպանությանը եւ անվտանգությանը վերաբերող օրենսդրության վերանայման նպատակով Մեծ Բրիտանիայի կողմից նախատեսվում է խորհրդատվական աջակցություն:
Հունվարի 14-ին տեղի ունեցած խորհրդակցությունների շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՄԹ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով դիրեկտորատի տնօրեն Մայքլ Թաթհամի հետ, քննարկել երկկողմ պաշտպանական համագործակցությանը, ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր: