Կորյուն Սիմոնյան «Իմ տատիկը»
«Է՜հ, իմ բալա ջան, քանի ջահել ենք, կռնենք, կենենք․է՛լ կոլխոզ, է՛լ թութունի դաշտ։ Մգա ջոչցերիմ, էլ չկռնամ», - Ժենիկ տատս է ամեն անգամ գանգատվում, արդեն 75 տարեկան է։ Հա, մոռացա ասել՝ Ալաշկերտի բարբառն է, որը տատիս շուրթերից հնչելիս՝ ավելի զորավոր ու գեղեցիկ է դառնում։
Գյուղում՝ մեր դռան դիմաց, մի ընկուզենի ունենք։ Տարիքով ինձնից երկու անգամ մեծ է։ Տատս հաճախ է նստում նրա հովին, դե ես էլ եմ սիրում այնտեղ նստել՝ չնայած՝ լսել եմ, որ առողջությանը վնաս է։ Բայց քանի որ տատս 75 տարեկան է, ես դրան սկսում եմ չհավատալ։
Տատս դժվար կյանք է ունեցել (ինքն է ասում), պատկերացնու՞մ եք՝ տասը երեխա է մեծացրել, ուստի պատմելու շատ բան ունի։ Դե ես էլ լավ զրուցակից եմ։
«Ումու՛դ, առաջ էդա վերեվներն սաղ թութունի դաշտ էր, ես, ինա Գառնիգի կնիգ Հրանուշն ու Սոնիգն գացերինք քռոնի դաշտ՝ քռոն էնելու։ Դը էն վախտ սովեդ էր, չթողեն, գողդու կերթենք, կբերենք, որ անասուն պահենք, մեր ճժեր սովաձ չմնեն։ Հա, մգա սոլոմ շլգուգ կիջնինք մեկ էլ գյուղսովեդի նախագեն մզի բռնեց, մեր շլգից էտ սոլոմն իջուց ու վառեց,մենք էլ նստանք լացինք․․․ճժու խելք․․․ Մգավաներ էղնեին, աշխարհ կթափեին թամաշ։
Հիմա էլ է շատ աշխատում․ռեհան, սամիթ, համեմ և այլ մշակաբույսեր է աճեցնում, հետո չորացնում, որպեսզի ուղարկի Ուկրաինայում ապրող հորեղբայրներիս։ Ասում է՝ հողից ուժ է ստանում՝ հող, որի վրա մի ողջ կյանք է ապրել, քրտինք թափել, ցանել ու քաղել, ջրել ու չորացրել։
Տատս ինձ շատ է սիրում։ Հենց թոշակ է ստանում, իմ բաժինը միշտ պահում է։ Ես էլ իրեն եմ շատ սիրում․ չմտածեք՝ թոշակի համար, բայց դե թոռներից միայն ինձ է տալիս։ Համաձայնեք՝ որ հաճելի զգացողություն է։
Ուղղակի երբ փոքր էի տատս շատ էր ծիծաղում, հիմա միքիչ այլ է․աչքերում կարոտ կա, երկու որդիները հեռու են։ Երկար ժամանակ է նրանց չի տեսել, մեկ-մեկ «Սկայքով» է խոսում (տատս «Սքայփին» «Սկայք» է ասում),բայց դե դրանով հո կարոտդ չես առնի։ Նստում է ընկուզենու տակ ու սպասում, որ գուցե որդիները իրեն կայցելեն։
Մի բան էլ կա․ սկսել է մահվանից խոսել։
«Ես որ մեռնիմ, ընձի քու պապիի կողն կթաղիք։ Իմ վախտն էլ ա եկել,երթամ հասնիմ իմ քոմուքոչին», - ասում է, ու գլուխը կախում՝ փորձելով ինձնից ինչ-որ բան թաքցնել։
Սակայն այն, ինչը տատս փորձում է դեմքից թաքցնել, ես պարզ կարդում եմ ձեռքերի վրա․ հազար ու մի ճաքեր, որ սեպագիր արձանագրությունների նման հյուսում են նրա կյանքի անհավանական պատմությունը։