Քննարկվել է Համահայկական խորհրդի ձեւավորումը
Սահմանադրական դատարանի նախագահ, Համահայկական խորհրդի ձեւավորման կազմակերպչական հանձնախմբի պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը նշել է, որ խորհրդի հիմնական մոտեցումներն ու մեխանիզմները կքննարկվեն սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում:
Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձեւավորման նպատակների, անդամակցության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի եւ աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ Սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում:
Համահայկական խորհուրդ ձեւավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումն ընդունվել էր 2015թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը, ամփոփելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձեւավորելու ընդհանուր պահանջ: Նույն նիստում ձեւավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց: Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: