Բեռլինը վերանայում է Անկարայի հետ հարաբերությունները
«Չի կարելի խորհուրդ տալ ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ անվտանգություն չկա եւ որում հավասար են դասվում ձեռնարկություններն ու ահաբեկիչները: Ես չեմ հասկանում, թե ինչպես Գերմանիայի կառավարությունը կարող է երաշխավորել Թուրքիայում գերմանական ներդրումները, երբ նրանց կարող են սպառնալ քաղաքական դրդապատճառներով ընդունված որոշումները»,- Tass.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Զիգմար Գաբրիելը:
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ ներկա իրավիճակում այլեւս անհնար է շարունակել բանակցությունները Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության ստեղծման վերաբերյալ:
«Ես չեմ կարող պատկերացնել ԵՄ մաքսային միության ընդլայնման շուրջ բանակցությունները, այն դեպքում, երբ Թուրքիայում առանց որեւէ հիմնավորման ձերբակալում են ԵՄ երկրների քաղաքացիներին»,- ասել է Զիգմար Գաբրիելը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին մտադիր է քննարկել Անկարայի հետ հարաբերությունները եվրոպական երկրների իր գործընկերների հետ:
Բացի այդ, Գերմանիայի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել վերահսկողությունն իրենց քաղաքացիների՝ Թուրքիա այցելությունների հարցում:
Նախարարի խոսքով՝ «Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքացի Թուրքիայում կարող է զոհ դառնալ»:
Մեդիամաքսը նշում է, որ երկու երկրների հարաբերություններն առավել սրվեցին այս շաբաթ, երբ Թուրքիայում ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալվեցին վեց իրավապաշտպաններ, այդ թվում՝ գերմանացի Պետեր Շտոյդտները: Բացի այդ, Անկարան մեղադրեց գերմանական Daimler եւ BASF ընկերություններին՝ Գյուլենական շարժմանն աջակցելու մեջ: