Քաղաքապետարանը խոստանում է խնդիրը լուծել «ընդունելի պայմաններով»
«Ս.թ. հուլիսի 7-ին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունն առ այն, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն կարող է նախատեսվել, տեղիք տվեց հակասական մեկնաբանությունների։
Թեեւ արդեն իսկ պարզաբանել ենք, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում, եւ խնդիրը վերաբերում է վճարման ձեւաչափով պայմանավորված լրացուցիչ առաջացող գումարներին, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ, որպես Երեւան համայնքի շահերից հանդես եկող կառույց, Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով։
Տեղեկացնում ենք, որ խնդրի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձեւաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։
Միաժամանակ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի եւ կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ։
Հաշվի առնելով գործընթացում ներգրավված կողմերի պատրաստակամությունը, լիահույս ենք, որ խնդիրը շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա եւ վերջնական արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։
Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի կապի երեք օպերատորները պաշտոնապես հայտարարել են, որ SMS-հաղորդագրությունների համար իրենց վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ, իսկ
վճարման ձեւերի եւ գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումը իրենց իրավասության շրջանակներից դուրս են: