Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Epress.am
Май
2024
1 2 3 4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Եկեղեցին և հայրենասիրությունը

0

«Հայրենասիրությունը դա հիմարություն է», «Հայրենասիրությունը դավաճանություն է», «Հայրենասիրությունը վախ է», «Հայրենասիրությունը հիվանդություն է»․․․

The post Եկեղեցին և հայրենասիրությունը first appeared on Epress.am.

Այո, վատ հայրենասիրությունը վատ է, բայց կա այլ հայրենասիրություն, որին մենք հետևում ենք: Բայց ինչ է այդ լավ հայրենասիրությունը, ոչ ոք չի բացատրում: Եթե հայրենասիրությունը լավն է, որովհետև նվաճողական չէ, ինչպես շատերն են ասում, բայց ամեն մի հայրենասիրություն, որը նվաճողական չէ, ապա անպայման պահպանողական է, այսինքն մարդիկ ցանկանում են պահել այն, ինչ նախկինում նվաճել են, քանզի չկա մի երկիր, որ չի ստեղծվել նվաճումներով, իսկ պահել նվաճվածը չի կարելի այն եղանակով, որով ինչ-որ բան նվաճվում է, այսինքն՝ բռնությամբ, սպանությամբ: Իսկ եթե հայրենասիրությունը նույնիսկ պահպանողական չէ, ապա այն վերականգնողական է․ նվաճված, կեղեքված ժողովուրդների՝ հայերի, լեհերի, չեխերի, իռլանդացիների և այլ ժողովուրդների հայրենասիրությունը: Եվ այս հայրենասիրությունը հավանաբար ամենավատն է, որովհետև այն ամենաչարն է և պահանջում է առավելագույն բռնություն:

Լեվ Տոլստոյ. «Հայրենասիրություն և խաղաղություն»

Հայրենասիրությունը թվում է պարզ և հասկանալի գաղափար, ինչպես «սիրել հայրենիքը» բառակապակցությունը: Սակայն, երբ խնդիրը դառնում է գործնական, «ի՞նչ է հայրենասեր լինելը», կամ ավելի արմատական՝ «ո՞վ է հայրենասերը», ապա այստեղ վեճերը դառնում են անզիջում: Չի կարելի ասել, որ հայրենասերների պակաս կա, ընդհակառակը՝ բազմաթիվ են նրանք, ովքեր կուրծք ծեծելով ապացուցում են, որ իրենք են իսկական հայրենասերները, հատկապես երբ խոսքը գնում է իշխանության մեջ մի կարևոր պաշտոն զբաղեցնելու մասին: Կա նաև այլ կարծիք, որ «հայրենասիրությունը տականքների վերջին ապավենն է» և կամ, ինչպես Լեվ Տոլստոյի դեպքում, հայրենասիրությունը ծնում է միայն բռնություն:

Հայրենասիրությունը հատկապես խնդրահարույց է այնպիսի ժողովուրդների համար, որոնց պետականությունը մեծ ավանդություն չունի, ուրեմն չկա այն տարածքը, որը կարելի է վստահորեն անվանել սեփականը և ցանկության դեպքում «սիրել»: Ուկրաինայի դեպքերը վկայեցին, որ հայրենիք հասկացությունը կարող են որոշել նաև արտաքին ուժերը, որոնք կարող են և վերաձևել այն, նույնիսկ ոտնհարելով միջազգային իրավունքի տարրական նորմերը: Մյուս օրինակը ցեղասպանությունն է, որ արմատապես փոխում է հայրենիքի ընկալումը:

Հայ ժողովրդի համար հայրենիք հասկացությունը երբեք որոշակի չի եղել։ Հիշենք «որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը։ Հայերի համար հայրենիքը, ըստ էության, եղել է իր եկեղեցին և նրանից հեռանալը համարվել է դավաճանություն, եթե նույնիսկ դավանափոխը հավատարիմ է մնացել իր երկրին, իր լեզվին, իր սովորություններին, ինչպես համշենահայերը:

Հայրենասիրության ժամանակակից գաղափարը հայ ժողովրդի մեջ փորձել են տարածել հայ հեղափոխականները, նույնիսկ՝ ամերիկյան քարոզիչները, սակայն առանց մեծ հաջողության: Բայց երբ ցարական իշխանությունները փորձեցին ձեռք տալ Հայ առաքելական եկեղեցու սեփականությանը, ապա ընդվզումը միահամուռ էր: Երբ ցարական իշխանությունը հրաժարվեց իր ծրագրերից, ապա մեծամասնությունը շտապեց հայտնել իր նվիրվածությունը ցարիզմին: Համանման, երբ Ֆինլանդիայում ցարիզմը փորձեց պարտադրել ուղղափառությունը, սկսվեց իսկական պարտիզանական պայքար։ Եվ կրկին, երբ ցարիզմը հրաժարվեց իր նպատակից, ֆինները դարձան լոյալ հպատակներ: Այսինքն, դարասկզբին հայ ժողովրդի մեծամասնության մեջ կրոնական զգացումները գերակայում էին ազգային զգացումների վրա: Այսպիսով, անխուսափելի էր թվում կրոնի քաղաքականացումը:

Կրոնի քաղաքականացումը տվյալ դեպքում նշանակում է այն օգտագործել ազգայնական նպատակների համար, նշանակում է թելադրել եկեղեցուն, թե որ դիրքորոշումն է հանդիսանում «իսկապես» հայրենասիրական և թելադրել եկեղեցուն թե որ կուսակցությանը ենթարկվել:

Հոդվածի առաջին մասում կանգ կառնենք Ղեւոնդ արք. Դուրյանի սպանությունը դիպվածին որպես եկեղեցին ազգայնական նպատակներին և նույնիսկ կուսակցական հսկողությանը ենթարկելու օրինակ, իսկ երկրորդ մասում կդիտարկենք «հայրենասիրություն» դիսկուրսը արդի Հայաստանում, հատկապես կապված եկեղեցու հետ և մասնավորապես «հայրենասիրություն» հղացքի համեմատական պատմությանը Արևմուտքում և Հայաստանում:

I.  Ղեւոնդ արք. Դուրյանի սպանությունը

«Ամերիկյան պատմության մեջ անլուր ոճիր» որակեցին ամերիկյան լրատվամիջոցները, ծանուցելով 1933 դեկտեմբեր 24-ին Ամերիկայի հայոց առաջնորդ Տ. Ղեւոնդ արք. Դուրյանի սպանությունը Նյու Յորքի Սբ Խաչ հայկական եկեղեցում, կատարված դաշնակցական ահաբեկիչների ձեռքով:

Տ. Ղեւոնդ արք. Դուրյանը ծնվել է 1879 թ.: Օսմանյան սահմանադրության շրջանում երկար տարիներ վարել է Պոլսո պատրիարքարանի դիվանապետի պատասխանատու պաշտոնը: 1918-ից հետո եղել է Իզմիրի առաջնորդը: Քեմալականների հաղթանակից հետո ֆրանսիական մարտանավով մազապուրծ կարողանում է անցնել Աթենք, որտեղից էլ հետագայում փոխադրվում է Բուլղարիա: Ավելի ուշ ստանձնում է Մանչեստրի (Անգլիա) հայոց հովվությունը եւ մշակում բարվոք հարաբերություններ Անգլիկան եկեղեցու եւ մանավանդ Քենտրբերիի արքեպիսկոպոսի հետ: 1931-ին ընտրվում է Ամերիկայի հայոց առաջնորդ:

Ղեւոնդ արք. Դուրյանի սպանությունը Նյու Յորքի Սբ. Խաչ հայկական եկեղեցում հարուցում է բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են «եկեղեցի և ազգայնականություն», «եկեղեցի և հայրենասիրության» խնդրին։ Ի՞նչ դեր ունի եկեղեցին և կրոնը հայրենասիրական զգացումների մեջ և, վերջապես, ի՞նչ է «հայրենասիրությունը» և «ազգասիրությունը» հայկական դիսկուրսում:

Իրադարձության մասնակիցներին կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ դաշնակցականներ և հակադաշնակցականներ, և, համապատասխանաբար, այս և մյուս իրադարձությունները հայկական մամուլում, քաղաքական ակումբներում մեկնաբանվում էին երկու հակադիր կուսակցական դիրքերից՝ դաշնակցական և հակադաշնակցական, բայց երկուսն էլ «հայրենասիրական» զգացումից ելնելով: Հիշեցնեմ, որ այդ տարիներին ԱՄՆ-ում հրատարակվող ամենահայտնի դաշնակցական մամուլը «Հայրենիք» օրաթերթն էր, իսկ հակադաշնակցականը՝ «Պայքարը» և «Ազգը»: Երկու կողմերն էլ պնդում էին, որ իրենք են ճշմարիտ հայրենասերները, իսկ մյուս կողմը՝ «կեղծ հայրենասերներ» են կամ նույնիսկ «խեղաթյուրված հայրենասերներ»:

Դաշնակցական հազարօրյա հանրապետության անկումից հետո կուսակցական այդ հակադրությունները սփյուռքում թևակոխում են նոր փուլ: Ամերիկահայ համայնքը դեռևս քաղաքականապես ակտիվ էր, ինչը նշանակում էր, որ նրանք պետք է դիրքորոշում ընդունեին դաշնակ-հակադաշնակ հակամարտության մեջ: Կուսակցական այդ պայքարի մեջ պատերազմի և անկախ հանրապետության տարիների հակասական հիշողություններին հավելվում էր նոր հակասությունները սփյուռքի և Հայաստանի իրողությունները գնհատելու շուրջ: Եթե դաշնակցական մամուլը գրում էր, որ անկախության տարիները եղել են այն ժամանակները, երբ «հայ ժողովուրդը վայելում էր լիակատար ազատություն և ժողովրդավարական կարգեր», իսկ ռամկավարները ներսից թուլացնում էին պետականությունը, ապա ռամկավար մամուլը հիշեցնում էր, որ դաշնակցական կարգերը եղել են կոռումպացված և բռնատիրական, իսկ հանրապետության կործանումը, մասնավորապես, պայմանավորված էր ժողովրդի դժգոհությամբ, և խորհրդայնացումը մատուցում էին իբրև վերջին պահին եկած փրկություն: Բայց ավելի հաճախ հակադաշնակցական մամուլը հազարօրյա հանրապետությունը ներկայացնում էր իբրև անկարևոր բան:

Երկու կուսակցական թևերի մեջ հակասությունները սկսում են աճել հատկապես 20-ականների վերջին 30-ականների սկզբում: Հիմնականում դա պայմանավորված էր մի կողմից դաշնակցական շարքերի նոսրացումով, մյուս կողմից՝ ՀՅԴ-ի արմատականացումով: Այդ տարիներին նրա շատ անդամներ հրապուրվում են ֆաշիստական, ռասայական՝ «ցեղային» կամ «ցեղակրոն» գաղափարներով: Դաշնակցական հռետորության մեջ «ազգ» եզրը, որը նաև ատելի հակադաշնակցական օրաթերթի անունն էր, ավելի ու ավելի փոխարինվում է «ցեղ» և «ցեղային» եզրերով:

1933 թ. կրքերը բորբոքվեցին հատկապես մայիսի 28-ի տոնակատարության ժամանակ, որին մասնակցում էին ինչպես դաշնակցականներ, այնպես էլ ոչ-դաշնակցականներ: Առաջացավ բախում, ծեծկռտուք եռագույնի շուրջ, և քվեարկության արդյունքում որոշվեց այն չբարձրացնել: Մամուլը երկուստեք համաձայնվեցին, որ հայերը խայտառակվեցին օտարների առաջ, բայց ինչպես միշտ գնահատականները տարբեր էին: «Հայրենիքը» կարծիք հայտնեց, որ առաջնորդ Դուրյանը պետք է մտածեր իր արարքների հետևանքների մասին, նկատի ունենալով առկա լարվածությունը, և մեղքը բարդեց նրա վրա: «Պայքարը» հեգնանքով գրեց, որ դաշնակները պետք է հպարտանան, որ իրենց խայտառակող գործողություններով բևեռեցին իրենց վրա ուշադրությունը:

1933 թ․ հուլիսի մեկին Չիկագոյի Առաջադիմության դար ցուցահանդեսին (Chicago Century of Progress Exposition)՝ հայկական օրվա տոնախմբության ժամանակ, Ղեւոնդ արքեպիսկոպոս Դուրյանը հրահանգեց վար առնել եռագույնը բեմից: Դրան հաջորդեց օգոստոսին հինգի դաշնակցականների հարձակումը Ուորսեստրում, Մասաչուսետս (Worcester, Massachusetts), որից հետո առաջնորդը ստիպված թիկնապահ վարձեց:

Գարեգին Նժդեհը արտահայտելով ժամանակի դաշնակցական մտայնությունը գրում է. «Դուրեանը, որ Եռագոյնին անարգանք հասցնելու օրից կնքել էր ուրացողի իր մահկանացուն, ազգայնական հայութեան համար դադարել էր ապրել՝ մինչդեռ իր սպանութիւնը ծափահարուեց թուրքից, բոլշեւիկից եւ հայ տականքից: Վերջինս ուրացողի այդ արարքը եւ Եռագոյնը դնելով նժարի վրայ, գտաւ, որ առաջի՛նն է ծանր կշռում: Միշտ էլ այսպէս է վարուել աստուածասպան ամբոխը: Ամէն անարգանք սրբութեան դէմ՝ սրբութեան սպանութիւն է»1:

Օգոստոսյան հարձակումը, ինչպես կարելի է հեշտությամբ կռահել, ոչ-դաշնակ մամուլը դատապարտեց: Սակայն, կրկին «Հայրենիքը» գրեց, որ Դուրյանը մնում է սկանդալների առիթ և նրան հարկավոր է հեռացնել: Առաջնորդին հեռացնելու խնդիրը , որ քննարկվեց սեպտեմբերի 3-ին, էլ ավելի խորացրեց ամերիկահայ երկու հատվածների հակասությունները, որոնք իրենց ծայրակետին հասան Ղեւոնդ արքեպիսկոպոս Դուրյանի սպանությունից հետո:

Դաշնակցականները պնդում էին, որ բոլոր խառնակչությունների պատճառը բոլշևիկներն են, որոնք հայկական եկեղեցին դարձրել են գործիք վնասելու հայկական սփյուռքը և ջնջելու «Հայկական հարցը»: Գարեգին Նժդեհը իր «Ամերիկահայությունը- ցեղը եւ իր տականքը» գրքում գրում է. «Բոլշեւիկեան քաղաքականութիւնը՝ կաթողիկոսական գահը որպէս խայծ ծառայեցնելու՝ շեղում է հայ բարձրաստիճան հոգեւորականութեան որոշ տարրերը ազգային գծից: Շատերը դառնում են մութ գործիք ․․․ : Սրանց միջոցով խ. իշխանութիւնն իր պրոպագանդն է տանում արտասահմանում»2:

Ապա շարունակում. «Սրելով ներքին պայքարն Ամերիկայում, խ. իշխանութիւնը հաւատացած էր, թէ կարելի պիտի լինի վարկաբեկել հայ դատը ո՛չ միայն յաչս ամերիկեան հասարակական կարծիքի, այլեւ Հայաստանի ջերմ բարեկամների: Կար նաեւ ա՛յն համոզումը, որ եթէ յաջողուի Դաշնակցութիւնն այնտեղ քարին զարկել՝ Չեկան ընդհանրապէս տկարացրած կը լինի Դաշնակցութիւնը: ․․․«Հայ-քրիստոնեաներ» էին նրանք, որոնք մեռան ո՛չ միայն իրենց «հայութեան», այլեւ «քրիստոնէութեան» համար: Այս փաստն ուրացող Դուրեանի եկեղեցին ոչ հայ եկեղեցի է, ոչ էլ քրիստոնէական»3:

——————————
1Գարեգին Նժդեհ. ՀԱՏԸՆՏԻՐ. Երեւան, 2006թ.; Էջ 224
2Գարեգին Նժդեհ. ՀԱՏԸՆՏԻՐ. Երեւան, 2006թ.; Էջ 220
3Գարեգին Նժդեհ. ՀԱՏԸՆՏԻՐ. Երեւան, 2006թ.; Էջ 221

Գարեգին Նժդեհը իր գիրքը գրել է 1935 թ., սակայն մեկ տարի առաջ՝ 1934 թ., ռամկավար հեղինակ Գաբրիել Փափազյանը հրատարակում է «Խեղաթյուրված հայրենասիրություն» գիրքը, որտեղ դիտարկվում է ՀՅԴ գործունեությունը սկզբնավորումից մինչև արքեպիսկոպոս Դուրյանի սպանությունը, հատկապես անդրադառնալով վերջինիս: Մասնավորապես գրելով դաշնակցական իշխանության տարիների մասին, նա գրում է. «Երկիրը ներսից միավորված չէր, բանակը բարոյալքված էր դաշնակների կողմից զինված բռնությունների պատճառով: … ժամանակին վրա հասած խորհրդային միջամտությունը փրկեց Հայաստանը»4:

Եթե դաշնակցական Նժդեհը ներկայացնում է իրադարձությունները իբրև բոլշևիկյան դավադրություն, ապա Գաբրիել Փափազյանը դավադրություն տեսնում է դաշնակցականների գարծողություններում։

Պայքարի համար առիթ ծառայեց Հայաստանի նախկին կառավարության եռագույն դրոշը: Հանկարծ վեճեր ծագեցին դրոշի շուրջ Եգիպտոսում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ամերիկայում և Բուլղարիայում, որը դաշնակները ցանկանում էին բարձրացնել ցանկացած հասարակական հաստատությում և ամեն մի հասարակական միջոցառմանը: Վեճերին հաջորդեցին բռնության գործողությունները: Հայ պաշտոնատար անձինք, աշխարհիկ թե հոգևոր գործիչներ հարձակումների ենթարկվեցին Եգիպտոսում, Սիրիայում, Հունաստանում, Ամերիկայում և այլ Երկրներում: Նույնիսկ սպանություններ եղան որոշ երկրներում:

Երջանկահիշատակ արքեպիսկոպոս Դուրյանը, որը Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն էր, սպանվեց, որովհետև ենթարկվում էր Նորին Սրբություն Կաթողիկոսի հրամաններին, որովհետև ձգտում էր եկեղեցին հեռու պահել քաղաքական ազդեցություններից և կանխել եկեղեցու օգտագործումը իբրև բարոյական զենք Հայաստանի իշխանությունների անհավատ և ոխերիմ թշնամիների ձեռքում: Նա չէր պատկանում և ոչ մի քաղաքական թևին: ․․․ Ողջ աշխարհում հայ եպիսկոպոսները հետևեցին արքեպիսկոպոս Դուրյանի օրինակին և դարձան դաշնակ հանրության թշնամիները»5:

Ամփոփենք: Գոյություն ունեն սրբություններ, որոնք սահմանվում են կրոնի կողմից և պահպանվում եկեղեցու միջոցով: Բայց կա նաև աշխարհիկ աշխարհ, որը պատմական է, արարվում է մարդկանց կողմից և մարդկանց կողմից կարող է փոխվել: Բայց այդ երկու աշխարհները իրարից բոլորովին անկախ չեն և աշխարհիկ ուժերը կարող են օգտագործել կրոնի հնարավորությունները քաղաքական պայքարում, փորձելով եկեղեցու միջոցով սրբացնել սեփական կուսակցական արժեքները, սրբացնել այն ինչ սկզբունքորեն սուրբ չէ, աշխարհիկ է: Այստեղ կրոնը և եկեղեցին դառնում են աշխարհիկ արժեքների միջև ընթացող պայքարի զոհեր, վճարելով նույնիսկ արյան գին:

——————————
4K.S. Papazian, Patriotism Perverted (Boston, BAIKAR PRESS,1934), p. 50
5K.S. Papazian, Patriotism Perverted (Boston, BAIKAR PRESS,1934), p. p. 61-62

 

II.   Հայրենասիրության հղացքը և եկեղեցին

2009 թ. հունվարի 19-ին Մոսկվայի կենտրոնում գնդակահարվեց հայտնի փաստաբան Ստանիսլավ Մարկելովը: Նրա հետ սպանվեց նաև լրագրող Անաստասիա Բաբուրովան, երբ փորձեց բռնել հանցագործին: Հաջորդ օրը հայտնվեց ոմն մեկը, որ բոլորին հյուրասիրում էր շամպայնով` առաջարկելով նշել այդ «ուրախ» իրադարձությունը: Կարելի է չկասկածել, որ այդ ոմն մեկը իրեն հայրենասեր էր համարում: Զուգահեռները Ղեւոնդ արք. Դուրյանի սպանության հետ ակնհայտ է թվում:

Հետմահու տպագրվեց Ստանիսլավ Մարկելովի «Հայրենասիրությունը իբրև ախտորոշում» հոդվածը, որտեղ նա գրում է. «Երկիրը նստած է հայրենասիրության վրա, ինչպես թմրամոլը` ասեղի: Ամեն մի քաղաքական գործիչ, երբ պատրաստվում է ստել, երդվում է իր հայրենասիրությամբ: Ամեն մի պնակալեզ, երբ պատրաստվում է փող պոկել իշխանություններից, պատմում է տիրության հանդեպ իր սիրո մասին: Ամեն մի գող, գողացածը ուտելուց առաջ, բացատրում է, թե ինչքան է սիրում հայրենիքը և ինչքան է պատրաստ գողանալու հանուն այդ սիրո»6: Բնութագրական են հոդվածի ենթավերնագրերը. «Հայրենասիրությունը դա հիմարություն է», «Հայրենասիրությունը դա դավաճանություն է», «Հայրենասիրությունը դա վախ է», «Հայրենասիրությունը դա հիվանդություն է» և այլն:

Ղեւոնդ արք. Դուրյանը սպանվեց միայն այն բանի համար, որ հրաժարվեց իրար խառնել քրիստոնեությունը, եկեղեցին և հայրենասիրությունը: Ըստ նրա. «Նախ պետք է գիտնանք, որ Յիսուս առաջինը եղաւ եկեղեցին պետութենէն զատորոշողն, երբ ըսաւ, «տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ»: …Եկեղեցին երբ կը հեռանայ իր կոչումէն, հոգեւորական կալուածէն, եւ երբ կը մտնէ քաղաքական կալուածին մէջ, ան իր վսեմ սկզբունքէն շեղած կը նկատուի եւ կը դատապարտուի վտանգուելու: Եկեղեցին պէտք է միշտ լուրջ եւ չէզոք մնայ եւ չի վստահի քաղաքային համակրութեանց»7: Այստեղից նա հետևություն է անում, որ եկեղեցին չպետք է դառնա գործիք ազգայնականների ձեռքերում. «Սխալ է ազգային շահերը նոյնացնել եկեղեցւոյ շահերուն հետ, կամ փոխադարձաբար եկեղեցին գործիք դարձնել ազգային շահերուն, ինչպէս սա վերջին յիսուն տարուան մէջ այնքան շեշտուեցաւ այս ուղղութիւնը: Եղան շրջաններ՝ որում ականատես իսկ եղայ եւ ցաւօք նոյնիսկ բողոք բարձրացուցի, երբ աշխարհի առջեւ ցոյց մը ըրած ըլլալու նպատակաւ եկեղեցիներն փակուեցան եւ պաշտամունքներն դադրեցուեցան ազգային դատին համար: Ասիկա մեծագոյն սխալն էր, որ եղաւ, եւ ի՞նչ մեծ վիրաւորանք մը մեր Փրկչին անուան եւ Աւետարանին: Եկեղեցին չի կրնար փակուիլ ազգային դատի պաշտպանութեան համար»: Այստեղից հետևություն. «Մեր եկեղեցւոյ պետերը հեռու պէտք է մնան քաղաքական կամ ազգային որեւէ գործէ, անոնք ներշնչուած պէտք է ըլլան Յիսուսէ Քրիստոսէ: Ասով միայն պէտք է վստահութիւն ներշնչեն իրենց շուրջը եւ այն պետութեան՝ որուն հետ կապուած են իբր քաղաքացի»: Գարեգին Նժդեհը ընդիմախոսելով նրան գրում է. «Դուրեանը չի հասկանում հայ-քրիստոնեայ դարձուածքի խորհուրդը: Նա չի ուզում գիտնալ, որ սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Նա չգիտէ, որ այս երկուսի ճակատագիրը նոյնացած է»8:

——————————
6Стас Маркелов. Патриотизм как диагноз.
7Գարեգին Նժդեհ. ՀԱՏԸՆՏԻՐ. Երեւան, 2006թ.; էջ 215
8Նույն տեղում, էջ 216

Ժամանակակից հայ ազգայնականներից շատերը ավելի կտրուկ դիրքորոշում ունեն քրիստոնեության նկատմամբ: Նրանք չեն համարում, որ «հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն», այլ ավելի շուտ հակված են հակադրելու դրանք, որից հետևում է, որ «ներդաշնակությունը» տեղ ունի, երբ եկեղեցին ենթարկված է ազգայնական նպատակներին: Այս տարբերությունը՝ ժամանակակից հայ ազգայնականների և Գարեգին Նժդեհի աշխարհայացքների միջև արձանագրել են իրենք իսկ ազգայնականները9:

Ժամանակակից հայ ազգայնականների մեծամասնության տեսակետը լիովին արտահայտել է իշխող Հանրապետական կուսակցության նախկին գաղափարախոս Մուշեղ Լալայանը: Նա գրում է. «Անշուշտ, մենք հեռու ենք նաեւ այն մտքից, թե քրիստոնեությունը խորթ է մեր ազգային էությանը: Մենք հակված ենք այն մտքին, որ հայկականն ու քրիստոնեականը ներդաշնակելի են (բայց նույնական չեն), եւ պատահական չէ, որ հայությունը, թեեւ որոշ ուշացումով, ի վերջո հարազատեց եւ իր կենսաձեւի հետ համադրեց քրիստոնեությունը: …Այսպիսով, երբ Հայ եկեղեցին պայքարում է օտար ազդեցությունների դեմ, իր հավատացյալների մեջ խրախուսում է ազգայինը, նա ճիշտ ուղու վրա է, եթե այն ժխտում է նախաքրիստոնեական հայ մշակույթն ու պատմությունը, ցուցաբերում դավանաբանական անհանդուրժողություն, նա սխալ ուղի է բռնել: Եթե Հայ եկեղեցին մեր ժողովրդի քաղաքական ազատության գործը համարում է սրբազան եւ աշխատում ազգային պայքարի ուղղությամբ, նա իր առաքելության մեջ է. եթե այն քարոզում է թշնամիների նկատմամբ հեզություն, հանդուրժողություն եւ անհատի հոգու փրկությունը վեր է դասում ազգային խնդիրներից, նա իր առաքելությունից շեղված է: Կարճ ասած, եթե եկեղեցին գործում է ի շահ ազգի, նա Հայ եկեղեցի է, ի վնաս ազգի՝ Հայ եկեղեցի չէ:

Իսկ մինչ այդ, մեր ցեղի ազատության ու հարատեւման հրամայականով՝ Հայ եկեղեցին պիտի վերագնահատի իր պատմությունն ու գործունեությունը (դա նույնիսկ կոմունիստներն արեցին). վերագնահատի ազգային շահի դիրքերից, այդ շահին ծառայեցնելով նաեւ քրիստոնեությունը»10: Սա նշանակում է, որ Եկեղեցին չպետք է «անհատի հոգու փրկությունը վեր դասի ազգային խնդիրներից», հոգու փրկությունը համարի երկրորդական խնդիր, աստվածաշնչական առասպելը (պատումը) ստորադասի ազգային առասպելին (պատումին) և այլն:

——————————
9Աշոտ Պետրոսեան. Գարեգին Նժդեհը եւ քրիստոնէութիւնը. Երևան, 2001 թ.
10Մուշեղ Լալայան. Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ. Երևան, 2008,  Էջ 45, 47:

 

Հայ առաքելական եկեղեցին, նրա սպասավորների մեծամասնությունը համաձայն է այս մոտեցմանը: Որպես ակնհայտ օրինակ բերենք բանակային քահանաների ծառայությունը: Անշուշտ, ամեն մարդ իրավունք ունի բավարարել իր կրոնական պահանջմունքները նույնիսկ բանակում: Սակայն  բանակային քահանաների հաստատությունը ստեղծված է ոչ այնքան կրոնական պահանջմունքների բավարարման համար, որքան հայրենասիրական դաստիարակության:

Եթե պետության և Եկեղեցու համագործակցությունը հայրենասիրական դաստիարակության գործում Ս․Սարգսյանի նախագահության տարիներին կայացած կարելի է համարել, ապա հայրենասիրության և քրիստոնեության միջև առկա գաղափարական հակասությունները լուծված համարել չի կարելի: «Հայրենասերների» հանդիմանությունները Հայ առաքելական եկեղեցուն տարաբնույթ են: Հիմնականում ընդգծվում է այն փաստը, որ նա քարոզել է հնազանդություն օտար զավթիչներին և այլն: Ավելի ծայրահեղականները մեղադրում են, որ եկեղեցին բավարար չափով ազգային չի եղել, այսինքն պահանջում են դավանաբանական ուղղումներ: Հեթանոսական ճամբարի քննադատները քրիստոնեությունը մերժում են իբրև օտարամուտ կրոնական ուսմունք, նույնիսկ` իբրև «հրեա-մասոնական դավադրություն» հայ ազգի դեմ: Սա նշանակում է, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները մեծ գաղափարական ճնշման են ենթարկվում ազգայնական տարաբնույթ խմբերի կողմից և նրանցից շատերը պատրաստ են զիջումների գնալ: Նրանցից շատերը պատրաստ են ծառայել հայրենասիրության գործին, հանդես են գալիս ազգայնական գաղափարների պաշտպանությամբ և նրանց մի զգալի մասը դեմ չէ «ուղղել» քրիստոնեությունը ազգայնական գաղափարներով (Կոմիտաս վարդապետ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան և այլն): Այս բնույթի բանավեճերում առանցքային դերը պատկանում է «ազգային եկեղեցի» հղացքին:

Նախ և առաջ նշենք, որ հայրենասիրությունը ոչ մի կերպ հնարավոր չէ կապել քրիստոնեության հետ: Բայց եկեղեցին դարեր շարունակ քարոզել է հնազանդություն տերերին, որ կարող էին լինել հայերի համար արաբները, մոնղոլները, օսմանները և կամ ռուս ցարերը: Եկեղեցու այս գործունեության մեջ հայրենասիրություն տեսնելը անհնար է, ինչպես նաև նրա ներկա կեցվածքի մեջ` նույնացնել ազգասիրությունը և աստվածասիրությունը։

Համարյա բոլոր լեզուներում «հայրենասեր» բառը արտահայտվում է «պատրիոտ» հունական տերմինի միջոցով, որը պարզապես նշանակել է համաերկրացիների, համաքաղաքացիների հետ կապվածություն: Այդ կապը իրագործվում էր աստվածների միջոցով: Հայրենիքի, տեղի, հայրենակիցների միջև այդ սրբազան կապը հեթանոսության բուն էությունն է. էթնոս բառը և հեթանոս բառը նույնական են: Հեթանոսական աստվածները տեղային աստվածներ էին, առաջնորդներ, ինչպես Հայկը, օրենսդիրներ, իրենց ազգի տիրակալներ, ինչպես Յահվեն հրեաների և թշնամի այլազգիների համար: Հեթանոսների հայրենասիրությունը ձուլված էր նրանց կրոնի հետ, ծառայել պետությանը նշանակում էր ծառայել ազգային աստվածներին, կատարել նրանց կամքը: Հին աստվածներն իրենք կրքոտ հայրենասերներ էին, պաշտպանելով իր էթնոսը, աստվածությունը պաշտպանում էր իրեն: Նվաճված ժողովուրդները կորցնում էին իրենց աստվածներին, բայց նվաճողների բարեհաճությամբ նրանք կարող էին տեղ գրավել աստվածների նորացված պանթեոնում: Եթե նայենք հայկական հեթանոսական աստվածների պանթեոնը, ապա կգտնենք տարաբնույթ ծագում ունեցող աստվածներ և կուռքեր` իրանական, խեթական, միջագետյան, հնդկական և այլն: Դրանք հաղթած և հաղթված աստվածներ են:

Հռոմեական կայսերությունում հեթանոսության ճգնաժամի հետևանքով հին աստվածները կորցնում են իրենց նախկին քաղաքացիական և հայրենասիրական նշանակությունը, որը թույլ տվեց տարածվել քրիստոնեությանը, որը բոլորովին անջատեց կրոնը քաղաքականությունից. քրիստոնեայի հայրենիքը Երկինքն է, թագավորը`Քրիստոսը: Այստեղից հետևում է, որ զուտ ավետարանական ուսմունքը չի կարող նպաստել ազատ քաղաքական հաստատությունների կայացմանը: Ավետարանը կարող է մարդուն բարի դարձնել, բայց այնտեղ ոչինչ չի ասվում քաղաքացիական առաքինության մասին, որի դրսևորումներից է հայրենասիրությունը, ընդհակառակը` այն կասկածանքով է վերաբերվում դրան11:

Անտիկ շրջանի քաղաքացիական առաքինությունները վերածնունդ ապրեցին Վերածննդի դարաշրջանում, և այն այդպես է կոչվում նաև այդ պատճառով: Տարածվեց այն տեսակետը, որ «հայրենիքը» ավելի բարձր արժեք է, քան առանձին մարդու կյանքը և բարեկեցությունը: Այս գաղափարը անվանվեց «պատրիոտիզմ»` հայրենասիրություն: Այն փաստորեն իր համար նշանաբառ ուներ Կայիափայի խոսքը «Լաւ է առն միում մեռանել ի վերայ ժողովրդեանն»12, «հանուն ազգի մեկին կարելի է զոհել»: Այս տեսակետը Քրիստոսի դատապարտման պատճառն էր և հետևաբար քրիստոնեական լինել չի կարող. Քրիստոսին դատապարտել են հրեա հայրենասերները13: Հետևաբար տարօրինակ չէ, որ 19-րդ դարում, երբ հայտնվեցին արդիական իմաստով առաջին հայ հայրենասերները, նրանք պայքարում էին նաև կրոնի և եկեղեցու դեմ:

Բայց «հայրենասիրության» քաղաքական «կարիերան» սկսվեց միայն Լուսավորականության դարաշրջանում, երբ սկսվեցին տարածվել ժողովրդի ինքնիշխանության գաղափարները: 1725 թ. Բրիտանիայում Վիգերի կուսակցության մեջ առաջանում է մի խումբ, որ իրեն կոչում էր «Հայրենասիրական կուսակցություն»: Կուսակցության գաղափարախոսը դարձավ փիլիսոփա և պահպանողական Հենրի Բոլինբրոկը, որի ամենահայտնի գործը «The Patriot King»-ն է: Բոլինբրոկը առաջարկում էր թագավորի միջոցով հավասարակշռություն պահպանել գործադիր իշխանության, Համայնքների պալատի և Լորդերի պալատի միջև, որպեսզի պահպանվի «ընդհանուր շահը» և կանխարգելվի օլիգարխիայի ձևավորումը:

Հայրենասիրության գաղափարը ջերմ ընդունելություն գտավ Լուսավորական փիլիսոփաների շրջանում: Հայրենասիրությունը հակադրվում էր թագավորասիրությանը և եկեղեցիասիրությանը և նշանակում էր սեր երկրի և ժողովրդի նկատմամբ: Մոնտեսքիոն իր «Օրենքների ոգում» (1757 թ.) աշխատության մեջ գրում է, որ «համընդհանուր շահը» հիմնվում է իրավասիրության և հայրենասիրության վրա: Ներածության մեջ նա ընդգծում է, որ հայրենասիրությունը դա սերն է առ հավասարություն, այն ո’չ քրիստոնեական և ո’չ էլ բարոյական առաքինություն է, այլ` քաղաքական: Միապետությունը հիմնվում է պատվի գաղափարի վրա, հանրապետությունը` քաղաքացիական առաքինության: Լուսավորականների համար հայրենասերը բռնապետության հակառակորդն է14:

——————————
11Հայրենասիրությունը անտիկ շրջանում և հետո տե’ս Վ.Կավատորինի որակյալ շարադրությամբ. Владимир Кавторин. Не будем спорить о патриотизме/ http://magazines.russ.ru/zvezda/2009/8/ka10.html
12Իսկ գունդն եւ հազարապետն եւ սպասաւորք Հրէիցն կալան զՅիսուս եւ կապեցին.  Եւ ածին զնա նախ առ Աննա որ էր աներ Կայիափայի. որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ: Այս այն Կայիափա էր որ խրատն ետ Հրէից եթէ Լաւ է առն միում մեռանել ի վերայ ժողովրդեանն: (Հովհն. 18; 12-14)
13Ռուս կրոնական հրապարակախոս Դմիտրի Տալանցևը հայրենասիրությունը համարում է կռապաշտություն և աղանդ. Дмитрий Таланцев. Ересь патриотизма/ Журнал “Клад истины”/http://webcenter.ru/~gaspdm
14Ավելի մանրամասն տե’ս, Даниил Бурыгин. Пустые слова: краткая история термина «патриот»/ http://theoryandpractice.ru/posts/8291-patriot

Սակայն ոչ միայն լիբերալները և ռադիկալներն էին ցանկանում կոչվել հայրենասեր: Որպես օրինակ կարելի է բերել անգլիացի պահպանողական հրապարակախոս Սեմուել Ջոնսոնին, որը 1774 թ. հրապարակել է «The Patriot» հոդվածը: Նա գրում է, որ հայրենասերին հատուկ է զսպվածությունը, ծայրահեղությունների մերժումը: Նա զգոն է, որպեսզի արտաքին թշնամիները դավադրություն չկազմակերպեն, բայց նա խուճապ չի սիրում: Հայրենասերը բարձրագույն շահը վեր է դասում անձնական շահից: Բայց կան նաև «կեղծ» հայրենասերներ: Կեղծ հայրենասերները դրանք դեմոկրատներն են. «Ժողովրդի նկատմամբ սերը կարող է համարվել ազնիվ և բանական այն մարդու մոտ, որը խորհուրդ է վերցնում առաջին հերթին խելացի, չափավոր, առաքինի մարդկանցից: Չի կարելի գովել այն մարդու ժողովրդասիրությունը, որ դիմում է առաջին հերթին չքավորներին, որոնք հակված են խռովության, թույլերին, որոնք բնությունից կասկածամիտ են, տգետներին, որոնց հեշտ է մոլորեցնել, նյութապաշտներին, որոնք կարող են ինչ-որ բան ստանալ միայն խարդավանքների միջոցով»15: Այստեղից հասկանալի է դառնում Սեմուել Ջոնսոնի հայտնի ասացվածքի կոնտեքստը. «Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է»: Նա նկատի ուներ հասարակ մարդկանց, չքավորների` «տականքների» քաղաքական առաջնորդներին, որոնք «Հայրենասերների կուսակցությունից» էին: Իր ասույթում Սեմուել Ջոնսոնը հատկապես նկատի ուներ ռադիկալ քաղաքական գործիչ Ջոն Ուիլկսին (John Wilkes; 1725 —1797), որը հանդես էր գալիս ոչ միայն դեմոկրատական ռեֆորմների համար, այլ նաև հանուն ամերիկյան գաղութների ազատության16: Հենց այս պատճառով էլ ԱՄՆ_ի հայր-հիմնադիրները իրենց «պատրիոտներ»` հայրենասերներ էին համարում: Այս նոր՝ լուսավորական հայրենասիրությունը չնայած հաճախ անտիկ տարազով էր ճպնվում, բայց վերջինից տարբերվում էր աթեիզմով և աշխարհիկ բնույթով: Այս առումով նրանց նմանությունը զուտ մակերեսային էր:

Ինչպես ամերիկյան, այնպես էլ ֆրանսիական մեծ հեղափոխությունները անցան հայրենասիրության դրոշի ներքո, իսկ դա նշանակում է, որ «հայրենասիրություն» եզրը ձեռք բերեց հավելայլ հեղափոխական երանգ: Հայրենասիրության այս ըմբռնումը մեծ ազդեցություն թողեց նաև հայ դեմոկրատների և լիբերալների վրա` Աբովյանի, Նալբանդյանի, Րաֆֆու և այլոց: Նկատենք, որ հայ պահպանողականները իրենց «հայրենասերներից» տարբերելու համար  օգտագործում էին «ազգասեր» եզրը:

——————————
 15Яков Кротов. БОГОЧЕЛОВЕЧЕСКАЯ КОМЕДИЯ. XVIII ВЕК: РОЖДЕНИЕ ПАТРИОТИЗМА/ http://krotov.info/yakov/history/18_moi/patriotizm.htm
16Патриотизм — это последнее прибежище негодяя /http://ru.wikipedia.org/wiki/Патриотизм — это последнее прибежище негодяя

Նապոլեոնական պատերազմի ընթացքում տեղի է ունենում «պատրիոտ» տերմինի իմաստի փոփոխություն ինչպես Անգլիայում, այնպես էլ Գերմանիայում, Ռուսաստանում և այլ եվրոպական երկրներում, դեպի նրա լոյալիստական` «պաշտոնական» ըմբռնումը: «Պատրիոտ» սկսում է նշանակել ոչ թե միապետական կարգերի ընդդիմադիր անհատին կամ կուսակցությանը, այլ` այդ կարգերին հավատարիմ հպատակին: Ռուսաստանում մինչև 19-րդ դարի սկիզբը, չնայած բառը հայտնի էր, խուսափում էին այն օգտագործել եզրի դեմոկրատական և հեղափոխական երանգների համար: Բառը իշխանությունների համար դարձավ ընդունելի միայն 1812 թ.՝ Հայրենական պատերազմի ժամանակ և հետո: Ցարիզմը սկսեց քարոզել «պաշտոնական» հայրենասիրություն, որը ստացավ «կվասնոյ պատրիոտիզմ» անունը17: Ցավոք, այսօր, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, հայրենասիրությունը համարյա լիովին կորցրել է իր ազատագրական և դեմոկրատական լիցքը, գոյատևել է միայն պուտինյան և ՀՀԿ-ական «կվասնոյ պատրիոտիզմը»: Այսօր լուսավորական շրջանի «հայրենասիրության» իրական համարժեքը «դեմոկրատիզմը» և «քաղաքացիականությունն» է:

Վերոհիշյալից հասկանալի է դառնում, որ «հայրենասիրությունը» իր բոլոր երանգներով հանդերձ ունի հեթանոսական` անտիկ ծագում, որևե առնչություն չունի քրիստոնեության հետ: Այն տարածում է գտնում աշխարհիկ արժեքների տարածման հետ և կրոնական արժեքների անկմանը զուգընթաց: Այսօր Հայ առաքելական եկեղեցին կառչել է հայրենասիրության և ազգայնականության աշխարհիկ արժեքներից իբրև փրկարար օղակի: Այն օգնում է նրան գոյատևել իբրև քաղաքական որոշ ուժերի ֆակուլտատիվ` օժանդակ և երկրորդական նեցուկ: Այն, որ հայրենասիրությունը աշխարհիկ քաղաքական արժեք է, բոլորովին չի նսեմացնում նրան, ինչպես չի նսեմանում արվեստի, գիտության և փիլիսոփայության արժեքը նրանց աշխարհիկ բնույթի պատճառով: Բայց աշխարհիկ արժեքներից կախումը նսեմացնում է Հայ առաքելական եկեղեցին իբրև քրիստոնեական արժեքների կրող:

Վարդան Ջալոյան

—————————–
17КВАСНОЙ ПАТРИОТИЗМ/http://wordhist.narod.ru/kvasnoj.html

The post Եկեղեցին և հայրենասիրությունը first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Объем закупок у малого бизнеса с 2024 года составил почти 227 миллиардов


Спорт в России и мире
Москва

«Этот спорт воспитывает силу и упорство»: Вице-спикер Народного Хурала Бурятии приняла участие в открытии чемпионата России по гиревому спорту


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина «заменила» Геннадия Головкина


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Составлен ТОП-3 регионов-лидеров по числу пунктов приема вторсырья





Путин в России и мире
Москва

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!


Лукашенко в Беларуси и мире
Минск

Армения выразила протест Минску из-за заявлений МИД Белоруссии




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

США обязаны передать Киеву "эскадрильи истребителей", заявил Зеленский


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дима Билан

Анна Asti и Дима Билан стали лучшими исполнителями по версии премии МУЗ-ТВ



Москва

Совместное заявление участников круглого стола, приуроченного ко «Дню защиты прав безвинно осужденных»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net