Իվանիշվիլի. Վրաստանը հնարավոր է՝ գազ սկսի գնել Իրանից
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ամենայն հավանականությամբ կսկսի բնական գազ գնել Իրանից:
Ինչպես հաղորդում է Newsgerogia.ru-ն, Վրաստանի կողմից էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Նա նշել էր, որ ակտիվ աշխատանք է տարվում Իրանի հետ այս ուղղությամբ:
«Մոտ երկու շաբաթ առաջ ես դեսպանների հետ հանդիպում եմ ունեցել: Մենք ակտիվ աշխատում ենք կառավարության մյուս անդամների հետ տնտեսության բոլոր ուղղությունններով: Ես ոչինչ չեմ ղեկավարում, սակայն ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ես այստեղ ակտիվ մասնակցում եմ»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին:
Նա ընդգծել է Իրանի հետ հնարավորինս ամուր եւ խոր առեւտրային կապերի հաստատման կարեւորությունը:
«Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը եւս, որպեսզի իմանանք, մեզ անպայման անհրաժեշտ են: Շատ հետաքրքիր կլինի, եթե իրանական գազը Վրաստան մուտք գործի եւ կարծում եմ, որ ըստ ամենայնի, մուտք կգործի»,- հայտարարել է երկրի նախկին վարչապետը:
Բացի այդ, Վրաստանը բանակցում է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման ծավալը մեծացնելու, ինչպես նաեւ գազը մասնավոր սեկտորին մատակարարելու շուրջ:
Վրաստանը 2007-ից չի գնում ռուսական գազ, սակայն ստանում է ՌԴ-ից Հայաստան տարանցվող գազի ընդհանուր ծավալի 10%-ը:
Ներկայում Վրաստանի գազի գլխավոր մատակարարը Ադրբեջանն է: