Հաստատվել է դպրոցների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
![Հաստատվել է դպրոցների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը](http://gdb.rferl.org/8D857B72-40AB-4416-B6D1-3AA0077DF1EC_cx0_cy1_cw0_w800_h450.jpg)
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել 2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին:
Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համաձայն ժամանակացույցի՝ հայոց լեզվի և հայ գրականության գրավոր քննությունը կկազմակերպվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, մաթեմատիկայի գրավոր քննությունը՝ դեկտեմբերի 28-ին, հայոց պատմության գրավոր քննությունը՝ դեկտեմբերի 29-ին, ռուս գրականության բանավոր քննությունը ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում, մայրենի լեզվի և գրականության բանավոր քննությունը ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում, ֆիզկուլտուրայի ամփոփիչ ստուգարքը՝ ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: