ԼՂ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի մեղադրանքները
![ԼՂ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի մեղադրանքները](http://gdb.rferl.org/1CBDCF35-2DC9-4B6F-8C7C-16EE6657C4E5_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում։ Այդ մասին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական զինված ուժերին շփման գծում իրավիճակը սրելու մեջ՝ պնդելով, որ «երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ»։
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հերքում է այդ տեղեկությունը՝ որակելով այն «հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարք»։
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս: Նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար», - ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: