Ֆրանսիացի խորհրդարանականն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
![Ֆրանսիացի խորհրդարանականն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր](http://gdb.rferl.org/77C08880-41B4-4262-9830-662C1AF14FF7_cx0_cy9_cw0_w800_h450.jpg)
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանն այսօր Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայաստանի Ազգային ժողովի փոխանցմամբ, հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթացել ցուցանմուշներին:
Ֆրանսուա Ռոշբլուանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղևնի տնկել Հիշողության պուրակում:
«Ես ամեն անգամ հուզվում եմ՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կուզենայի հատուկ շեշտել, որ այս ծառը ոչ միայն իմ անունից է տնկված, այլև Ֆրանսիայի բոլոր այն պատգամավորների, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծին»,- ասել է պարոն Ռոշբլուանը և կարևորել Հայոց ցեղասպանության և առհասարակ բոլոր ցեղասպանությունների դատապարտումը: