Կառավարությունն առաջնորդվելու է նոր մոտեցումներով․ Դավիթ Հարությունյան
Կառավարության աշխատակազմի վերանշանակված ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նոր կառավարությունն առաջնորդվելու է նոր մոտեցումներով, անկախ նրանից՝ քանի նախարար է փոփոխվել։ Հանրապետականը, որպես պահպանողական կուսակցություն փոփոխում է այն, ինչ անհրաժեշտ է՝ պահպանելով այն, ինչ հնարավոր է, «Ազատությանն» ասաց Հարությունյանը։
«Մենք խոսում էինք նոր մոտեցման մասին, նոր սկզբի: Պետք չէ պայմանավորել քանակական գնահատականներ տալով, թե կազմը ամբողջովին փոխվեց, կամ փոխվեց այսքան տոկոսով ու եզրակացություններ կազմել: Խոսքը այլ մոտեցումների մասին է, և դրա մասին խոսել է և վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ ներկայացրեց իր հրաժարականը, դրա մասին խոսեց և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը», - ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե նույն մարդիկ սկսելու են այլ կերպ աշխատել՝ Կարապետյանն արձագանքեց․ - «Ինչո՞ւ նույն: Ես չեմ կիսում ձեր գնահատականը: Նախևառաջ այն ոլորտներում, որտեղ պահանջվում է փոխել ուղղությունը, այդ ոլորտներում նշանակված են նոր մարդիկ: Իսկ դա չի նշանակում փոխել ամեն ինչ: Ի վերջո ուզում եմ ձեզ հիշեցնել կարևորագույն կարգախոսը՝ ցանկացած պահպանողական կուսակցության, որոնց թվին է դասվում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի թիմն է ներկայացված կառավարությունում ՝ փոփոխել այն, ինչ անհրաժեշտ է, պահպանել այն, ինչ հնարավոր է»:
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գրեթե վերջնականացավ նոր կառավարության կազմը: Բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից՝ մյուս գերատեսչությունների ղեկավարներն արդեն հայտնի են, ընդհանուր առմամբ, կառավարությունն արդեն ունի 17 նախարար, սակայն նրանցից նոր են միայն 8-ը։
Նախագահը օրեր առաջ ներկայացնելով նոր վարչապետին՝ հայտարարեց, որ նա ունակ է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում։
Նոր կառավարության վերջնական կազմը պետք է հայտնի դառնա վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում, որը լրանում է առաջիկա երկուշաբթի օրը։