Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նորընտիր նախագահին
![Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նորընտիր նախագահին](http://gdb.rferl.org/5F8ADFA9-945E-4927-9D58-80211783FE7D_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Հայաստանի նախագահն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանն Արգենտինայի նորընտիր նախագահին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:
«Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով: Վառ են 2014 թվականին Արգենտինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ձեզ հետ ունեցած հանդիպման իմ հիշողությունները: Համոզված եմ, որ Ձեր նախագահության ընթացքում մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Արգենտինայի միջև բազմաբնույթ համագործակցությունը»,- Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: