Հոսպիտալ տեղափոխված զինվորը հարցաքննվել է որպես տուժող
![Հոսպիտալ տեղափոխված զինվորը հարցաքննվել է որպես տուժող](http://gdb.rferl.org/CB3BB9DD-827C-4F4D-B90A-EBF9D9482A6C_w800_h450.jpg)
Զինծառայող Ա. Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն:
Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով որպես վկա հարցաքննվել են համածառայակիցները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են անհրաժեշտ փաստաթղթեր: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել համապատասխան ծառայությանը:
Քննչական կոմիտեն նշում է, որ Հակոբյանի մոտ զորամասից հոսպիտալացվելիս և Հայաստանի պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ ընդունվելիս մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
«Ա. Հակոբյանը հարցաքննվել է որպես տուժող: Վերջինս հայերեն գրավոր խոսքին չտիրապետելու պատճառով ցուցմունք է տվել թարգմանչի, ինչպես նաև` քրեական գործով տուժողի ներկայացուցիչ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Ա. Մելիքյանի ներկայությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեն ընդգծում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար: