Դիզվառելիքի թանկացումը անխուսափելիորեն կբարձրացնի գյուղմթերքի գինը
Դիզելային վառելիքի թանկացումն անպայման իր ազդեցությունը կունենա գյուղատնտեսական արտադրանքի գնի վրա։
«Ազատության» հետ զրույցում ֆերմերները պնդեցին, որ դիզվառելիքի թանկացումն ավելացնելու է նախատեսված ծախսն, ու եթե առաջիկայում նվազում չնկատվի, ապա սեզոնին գյուղից քաղաք գյուղմթերք ավելի բարձր գնով կհասնի։
«Մեր վրա այնքանով է ազդում, որ մենք տեխնիկայի հետ անընդհատ գործ ենք ունենում: Վառելիքը թանկացավ, տրակտորիստը թանկացնելու է, բնականորեն, մերն էլ կթանկանա ամեն ինչը», - ասաց նրանցից մեկը:
Գյուղմթերքն այս տարի միջինում 50-100 դրամով ավելի թանկ կվաճառվի, քան նախորդ տարի։ Գյուղացիները, սակայն, մտավախություն ունեն, որ շղթայական թանկացումների արդյունքում կրկին իրենք են հայտնվելու կոտրած տաշտակի առջև։
Ըստ նրանց, եթե ստիպված լինեն սովորականից ավելի թանկ վաճառել արտադրանքը, կարող է գնորդ չգտնվի։ Առանց այն էլ իրացման խնդիրներ ունեցող հողագործները, այս անգամ կրկնակի կտուժեն։
Վառելիք շուկայում նկատվող թանկացումները, ի թիվս մյուս ապրանքների, մոտ մեկ շաբաթ առաջ քննարկման թեմա դարձան Բաղրամյան 26-ում։ Նախագահ Սարգսյանը, խորհրդակցության անցկացնելով պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ, հանձնարարեց քայլեր ձեռնարկել գնաճը մեղմելու ուղղությամբ։ Երկրի ղեկավարը հիշեցրեց, որ տարիներ շարունակ պետությունը սուբսիդավորել է դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից, նշելով․ - «Սա շատ նորմալ գործիք է, որը պետք է շարունակել կրրառել»: