Ջրարբի գյուղի դպրոցի ծնողները փակել էին Մարգարա տանող ճանապարհը
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողները պատրաստվում են փակել Մարգարա տանող մայրուղին՝ բողոքելով դպրոցի անմխիթար վիճակից:
«Մեր բողոքը կառավարության դեմ է, որ եկեք, մի բան արեք, էս դպրոցը վերանորոգեք», - «Ազատության» հետ զրույցում դժգոհում էին ծնողները: - «Մենք ոչ հող ենք ուզում, ոչ մի բան, մի քիչ կառույցը վերանորոգել ենք ուզում: Թող լուսամուտները փոխեն, ջեռուցումը քաշեն, մեծ խնդիր չի իրենց համար», - ասում էին նրանք:
Աշակերտների մեծ մասն այսօր դպրոց չէր գնացել, ծնողներն էլ հայտարարեցին՝ երեխաներին թույլ չեն տալու դպրոց հաճախել այնքան ժամանակ, մինչև այնտեղ բարվոք պայմաններ չստեղծվեն:
261 աշակերտ ունեցող դպրոցը չունի սանհանգույց, պատուհաններին ապակիների փոխարեն պոլիէթիլենային թաղանթներ են, դասարաններում նավթի վառարաններ են տեղադրված։ Ծնողներն ասում են, որ երեխաներին ձմռան ամիսներին դպրոց գրեթե չեն ուղարկում, դասասենյակներում ցուրտ է՝ հիվանդանում են։
«Թող մտնեն լյուբոյ դասարան, տեսնեն՝ ապահովվո՞ւմ է ջերմաստիճանը, սանդղակը պլյուս ինչքան կբարձրանա: Էս պայմաններում երեխան կարա՞ դաս անի», - դժգոհում էին ծնողները:
Բորբոքված ծնողներն առավոտյան մի քանի րոպեով փակեցին Մարգարա տանող մայրուղին՝ հանդիպում պահանջելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Ջրարբի ժամանած մարզպետը խոստացավ՝ 10 օրվա ընթացքում դպրոցում փոփոխություններ կնկատվեն:
«Կաշխատենք, որ ջեռուցման համակարգը այնպես անենք, որ և՛ միջանցքներում, և՛ դասարաններում ջեռուցման խնդիրը լինի», - ասաց Ղահրամանյանը:
Դպրոցի նորանշանակ տնօրեն, հանրապետական Նարեկ Զաքարյանը, մինչդեռ, չի պատկերացնում, թե ինչպես է լուծվելու դպրոցի խնդիրները:
«էնպես պետք է անենք, որ դասապրոցես չխանգարվի: Չգիտեմ՝ ի՞նչ ենք անելու, ո՞նց: Չեմ պատկերացնում», - նշեց տնօրենը: