Ալիև. անհրաժեշտության դեպքում` Հայաստանը նորից կպատժվի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ասել է, որ ադրբեջանական տարածքների 20 տոկոսը ավելի քան 25 տարի գտնվում է Հայաստանի օկուպացիայի տակ: Նրա խոսքերով՝ Հայաստանը անտեսում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված շրջաններից: «Երբեմն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը կատարվում են մի քանի օրվա ընթացքում, մեր դեպքում դրանք 24 տարի չեն իրականացվում: Սա երկակի մոտեցում է, սա անընդունելի է»,- դժգոհել է նա:
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը հանձնառու է հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց եթե Հայաստանի ռազմական սադրանքները շարունակվեն, ապա Ադրբեջանը կպաշտպանի իր բնակիչներին:
«Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի: Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ՄԱԿ-ում ասել է Իլհամ Ալիևը: