Գերմանական ԶԼՄ-ները Էրդողանից պահանջում են ազատ արձակել ծագումով թուրք գերմանացի լրագրողին
![Գերմանական ԶԼՄ-ները Էրդողանից պահանջում են ազատ արձակել ծագումով թուրք գերմանացի լրագրողին](https://gdb.rferl.org/B9CF1A59-F496-4A34-8F71-9A55C391CD07_cx0_cy45_cw0_w800_h450.jpg)
Գերմանական 14 լրատվական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ծագումով թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին:
Հեղինակավոր Die Welt պարբերականի թղթակիցը Թուրքիայում ձերբակալվել է այս տարվա փետրվարին, այն բանից հետո, երբ հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսայի՝ էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի վրա կատարված հաքերային հարձակման մասին: Ավելի վաղ նա ակտիվորեն լուսաբանել է Թուրքիայի զինուժի գործողությունները քրդական փոքրամասնության դեմ:
Այժմ պաշտոնական Անկարան նրան մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու և ատելություն տարածելու մեջ: Վաղը՝ Յուջելի ծննդյան 44-րդ տարեդարձի օրը, նրա աջակիցները պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել Բեռլինում՝ կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ: Իսկ այսօր գերմանական մի շարք պարբերականներ իրենց շաբաթօրյա թողարկումը նվիրել են արդեն 200 օր թուրքական բանտում գտնվող լրագրողին: