«Սասնա ծռերի» դատավարություն․ կրկին խոչընդոտներ, կրկին սանկցիաներ
![«Սասնա ծռերի» դատավարություն․ կրկին խոչընդոտներ, կրկին սանկցիաներ](https://gdb.rferl.org/AAD7C407-40A5-4EBD-9516-54098A0D89A9_w800_h450.jpg)
«Սասնա ծռեր»-ի գործով մի քանի փաստաբաններ այսօր նորից չկարողացան մուտք գործել դատարանի դահլիճ․ կարգադրիչները պահանջում էին ցույց տալ պայուսակի պարունակությունը՝ հակառակ դեպքում արգելելով առաջ գնալ:
Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պայուսակը դատարկ է, հավանաբար մետաղական ամրակն էր ազդանշան արձակում, բայց նաև հիշեցրեց, որ նույն պայուսակով նախորդ նիստերին նույն պայուսակով մի քանի անգամ անարգել մուտք է գործել դատարան:
«Ամեն ինչ անում են, որպեսզի հերթական անգամ պաշտպանների իրավունքները խոչընդոտեն, և ամեն ինչ անում են, որպեսզի հանրային պաշտպանների մուտքը դատարան ապահովվի: Այս դատարանը արդարադատություն չի իրականացնելու: Սա ակնհայտ է», - հայտարարեց Սահակյանը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը արդեն տևական ժամանակ չի կարողանում նիստերին մասնակցել․ - «Միտում չտեսնել չեմ կարող, քանի որ իմ գործընկերների մեջ կան մարդիկ, ում պայուսակը նույնպես ազդանշան է տվել, բայց նրանք առանց որևէ խոչընդոտի մուտք են գործել նիստերի դահլիճ: Բացի առաջին երկու դատական նիստերից, ես որևէ այլ դատական նիստի չեմ կարողացել մասնակցել»:
Այս ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հասցրեց սանկցիա կիրառել որպես «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի նկատմամբ․ - «Ես Ձեզ վերջին անգամ նախազգուշացնում եմ․ եթե որևէ անգամ տեղից որևէ ռեպլիկ կանեք, կկիրառեմ դատական սանկցիա, ավելի ծանր․․․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք նորից շարունակում եք դատական նիստը խանգարել, հետևաբար դատարանը Ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա»:
«Իմ պաշտպանյալը ջուր է ցանկանում, առողջական խնդիր ունի», - միջամտեց Խանդոյան փաստաբան Արա Ղարագյոզյանը: - «Խնդրում եմ իրավական հիմքեր նշեք, թե ինչ հիմքով եք իմ պաշտպանյալին հեռացնում»:
Դատավորը կրկնեց, որ Արային Խանդոյանին հեռացնում է դատարանի դահլիճից դատական նիստը խանգարելու համար: