Թրամփը հանձնարարել է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Թիլերսոն
![Թրամփը հանձնարարել է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Թիլերսոն](https://gdb.rferl.org/77232DAB-1DF8-4AE8-B6B9-D208782E34FB_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իրեն աշխատել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:
Պետքարտուղարի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը խնդրել է այնպես անել, որպեսզի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը չխանգարի Մոսկվայի հետ շփումների հաստատմանը: Թիլերսոնը չի մեկնաբանել հետաքննության մանրամասները՝ պատճառաբանելով, թե բավարար տեղեկատվություն չունի այդ հարցով:
Վելինգթոնում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ պետքարտուղարը նշել է, որ տվյալ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակում:
ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ: Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Ռուսաստանը կարող էր ազդել նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ հոգուտ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի: Կրեմլը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները: