Ալեք Ենիգոմշյանն ազատության մեջ է, իրեն լավ է զգում, իսկ իր դեմ հարուցված մեղադրանքները համարում է անհեթեթ
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից: Նա լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ է զգում, իսկ իր դեմ հարուցված մեղադրանքները համարում է անհեթեթ:
Նրա խոսքով, իր խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության այսօրվա որոշումը բողոքի զանգվածային ակցիաների, հարուցված մեղադրանքների իրավաբանական թուլության, ինչպես նաև դատավարական նորմերի չպահպանման արդյունքն էր: Անդրադառնալով իրեն հարուցված բոլոր մեղադրանքներին, նա հայտարարել է, որ դրանցից ոչ մեկը չի դիմանում քննադատությանը և անհիմն է:
«Այսօր հայ ժողովուրդը գտնվում է էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում»,-հայտարարել է ակտիվիստը, նշելով, որ ներկայումս ընդդիմադիր գործիչներն իրավապահների կողմից հետապնդվում են բացառապես քաղաքական մոտիվներով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին: Նա կասկածվում էր զինված խմբին օժանդակելու մեջ: