Փորձագետ. Նախագահի հայտարարությունը հասցեագրված էր ոչ թե ժողովրդին, այլ առանձին խմբերի. անընդհատ ընդգծվում էր` «մենք և դուք»
Վնասազերծված «Սասնա Ծռեր» խմբավորման զինյալներն անմարդկային պայմաններում են, նրանց ծեծում են, ճնշում գործադրում ընտանիքների անդամների նկատմամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ընդսմին չճշտելով, թե` որտեղից իր մոտ այդպիսի տվյալներ:
Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին` փորձագետը հայտարարել է. «Դատելով ըստ ամենայնի` իշխանությունը գործելու է հալածանքի եղանակներով»: Նա հիշեցրել է, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից, զենքի հանձնումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել երկու անգամ, և ոչ մի անգամ պետության ղեկավարի խոսքը հասցեագրված է եղել ոչ թե ժողովրդին, այլ` միայն մեկ խմբի: Անընդհատ ընդգծվում էր. «մենք և դուք»: Ըստ Պապյանի` տարօրինակ է, որ նախագահը ցավակցություն հայտնեց զոհված ոստիկանների ընտանիքներին, սակայն ոչ մի խոսք չասվեց աչքը կորցրած 17-ամյա տղայի մասին: «Դրվատանք հնչեց իրավապահ մարմինների հասցեին, մինչդեռ պետք է լինեին հրաժարականներ, քանի որ Երևանում գրավել էին ՊՊԾ գունդը, իսկ պատասխանը համարրժեք չէր», - ընդգծել է Արա Պապյանը: