ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել ԶԼՄ-ների պաշտպանության համար
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը նամակ է հղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նաբանդյանին, նշելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից զսպվածություն ապահովելու ուղղությամբ և առաջարկի միջոցներ, որոնք երաշխավորեն լրագրողների պաշտպանությունը ոստիկաններից կամ քրեական տարրերից: «Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և մեդիայի ներկայացուցիչներին», - ընդգծել է Միատովիչը:
ԶԼՄ-ների գծով ԵԱՀԿ ներկայացուցիչը հրապարակել է ԶԼՄ այն ներկայացուցիչնեի ցուցակը, որոնք հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարներին ցրելու ընթացքում տուժել էին ոստիկանների և քաղաքացիական անձանց կողմից գործադրված բռնություններից: Վկայակոչելով հայկական լրագրողական կազմակերպությունների հուլիսի 21-ի հայտարարությունը` Միատովիչը հրապարակել է նաև գրավված ՊՊԾ գնդի տարածքի շուրջ իրավիճակը լուսաբանելիս բռնություներից տուժած լրագրողների ցուցակը:
Հիշեցնենք, որ վերը նշված իրադարձությունների ընթացքում տուժածների թվում են «Ազատություն» ռադիոկայանի, «1ին.ամ»-ի և այլ լրագրողներ: -