Սամվել Կարապետյան. Նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերման կապակցությամբ:
«Տաշիր» խմբի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է, որ սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության միջև Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ ստորագրված պայմանագրի համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիր» ընկերությունների խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»-ի կառավարման պարտականությունը:
«Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա: «ՀԷՑ» զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: 3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ: Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար: Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը», - ասվում է Սամվել Կարապետյանի հայտարարությունում: